Հունվարի 21-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկված հիմնական հարցն առնչվում էր ՀԱԱՀ իրականացրած բոլոր կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերում արցախցիների մասնակցության ապահովմանը։ Արցախցի գործընկերների առանձնակի հետաքրքրությունն են առաջացրել հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, գարեջրի եւ թորման տեխնոլոգիաների, կանաչ կերի արտադրության, ջերմատների կառավարման, ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերը։
Արցախն այսօր ունի նոր գիտելիքներով եւ հմտություններով զինված այն մասնագետների կարիքը, որ ապահովում են մեր համալսարանի թվարկված եւ այլ ծրագրերը։ Իսկ Արցախը եղել եւ մնում է Ագրարային համալսարանի վերապատրաստման ու զարգացման քաղաքականության առաջնահերթ թիրախը։
Պատահական չէ, որ նախարար Խանումյանը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ուռուտյանին՝ արդյունավետ համագործակցության համար եւ ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության շնորհակալագիր հանձնեց ռեկտորին։ Նախարարությունը շնորհակալագրերի է արժանացրել նաեւ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանին, դոցենտներ Էթերի Ստեփանյանին եւ Նաիրա Գասպարյանին։
Ի դեպ, 2021 թ․ տարեմուտին նախարար Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՀ տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թ․ընթացքում փորձել է համագործակցել տարբեր ուսումնական հաստատությունների հետ։ Ամենաարդյունավետ համագործակցությունը ստացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ի դեմս ռեկտոր Վարդան Ուռուտյանի։ Այս բուհի հետ մեր համագործակցությունը կշարունակենք նաեւ 2022թ․՝ շարունակելով վերապատրաստել շրջանային մասնագետներին, ֆերմերներին»։