Ամառային փորձուսուցում. հավաքվել էինք պարզ, հանգիստ պայմաններում սովորելու

-Եթե ինչ-որ բան գիտեք՝ կխորացնեք, ով չգիտե՝ առաջին փորձառությունը կլինի: Իսկ հաջորդ պարապմունքը կլինի Ոսկեհատում,- դիմելով լսարանին ասում է Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը:

Մինչ Արմեն Սաֆարյանը՝ համանուն ԱՁ-ից եւ DJI-ի հայաստանյան ներկայացուցչությունից՝ ArmCopters-ից, կսկսեր գործնական պարապմունքը, հիշյալ ամբիոնի ասիստենտ Տիգրան Հովհաննիսյանն արդեն մանրամասն ներկայացրեց սարքը, իր փորձից անգամ ֆորսմաժորային դեպքեր հիշեց, որոնք պատահում են հազարից մեկ անգամ, բայց պատահում են, եւ դրանց դիտարկումը օգտաշատ կարող է լինել սկսնակների համար: Նրանք այլեւս կբացառեն այդ ձախողակ ճանապարհները:

-Սա դեռ սեմինարի «նախաբանն» է,- ասում է պրոֆեսորը:

Սակայն ուշիմ ուսանողները «նախաբանի» ընթացքում էլ հարցեր են տալիս, տնտղում են սարքը, հնարավորություններն են ճշգրտում:

-Տարիների փորձը վկայում է, որ ամեն թռիչքի ընթացքում էլ մի նոր բան սովորելու հնարավորություն կա,- խոստովանում է բանախոսն ու սկսում է մանրամասն ներկայացնել Phantom-4 Pro DJI դրոնի հնարավորությունները:

Պարզ է, իհարկե, ԲՏ ցանկացած նմուշի բոլոր հնարավորությունները սովորել-հայտնաբերելու համար ժամանակ եւ համբերություն է պետք:

Մեր հյուրը մանրամասն ներկայացրեց, թե ինչի համար է նախատեսված, ինչ խնդիրներ է լուծում ներկայացվող ԱԹՍ-ն: Օրինակ, ագրարային ոլորտի դեպքում եւ՛ քարտեզագրում է, եւ՛ հատուկ ծրագրակազմերի օգնությամբ գյուղատնտեսական վերլուծություն է կատարում: Գտնում է հիվանդ բույսերը, ճշգրտում հողի խոնավությունն ու ոռոգման հստակ ծրագիր է իրականացնում:

-Հայաստանում ոռոգման ցանցի ներտնտեսային հատվածները «թաքնված» են բուսականության տակ, ԱԹՍ-ն կարող է դրանք հայտնաբերել,- հետաքրքրվում է պրոֆեսոր Եղիազարյանը:

Այս սարքի համար դա փոքրիկ խնդիր է, միանգամայն իրագործելի:

-Քարտեզագրման դեպքում էլ անհարժեշտ է համադրել այլ սարքերի միջոցով ավանդաբար ստացվող տեղեկատվությունը եւ պատկերն ամբողջական կլինի,- առաջարկում է տ.գ.դ., պրոֆեսոր Պարույր Էֆենդյանը եւ ներկաներն անվերապահորեն համաձայնում են:

Phantom-4-ը՝ տնտղելու-ուսումնասիրել-դիտարկելու այս առաջին փորձերը մի քիչ «Իլյիչի լամպի» վառվելն է հիշեցնում՝ ապշեցուցիչ-ցնցող առաջին անգամ եւ որոշ ժամանակ անց՝ հասանելի բոլորին…