Ակադեմիական քաղաքն ուրվագծելիս․ կրթության ապագան եւ ապագայի կրթությունը

Նոյեմբերի 28-29-ին Մյունխենի տեխնոլոգիական համալսարանից (Եւրոպայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ակադեմիական հաստատություններից մեկը) Ջորջետա Աուկտորը, Կառա Կնոտը եւ Ալին Լաուկեն, ինչպես նաեւ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի համադրող Արարատ Սահակյանը քննարկումների էին հրավիրել մեր համալսարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների, ուսանող-ասպիրանտների: Հատկապես հիշյալ համալսարանն ու հիշյալ մասնագետներն են այսօր աջակցում, որ ուրվագծվի եւ կերպարանք առնի, ավելի ճիշտ՝ վերակերպվի երկրի բարձրագույն դպրոցի՝ ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերը: Ուստի խիստ անհրաժեշտ է, որ մանրակրկիտ դիտարկվեն ագրարային կրթության թույլ եւ ուժեղ կողմերը, նվաճումներն ու բացթողումները, տեղյակ լինեն, թե ինչպես ենք պատկերոցնում մեր ոլորտի գիտակրթական ապագան, որն անպատճառ պետք է սերտորեն կապված լինի նաեւ արտադրության հետ: Ի վերջո, շատ կարեւոր է, որ հստակեցվի՝ սա բուհերի համախմբում է, թե նոր համալսարան կերտելու միանգամայն նոր փիլիսոփայություն:

– Շնորհակալություն, որ այստեղ եք եւ նոր-թարմ մտքերի, նոր հայացքի հնարավորություն է ստեղծված,- դիմելով ներկաներին ասաց Ալին Լաուկեն:

Ագրարայինը իր տեսակով միակ, խիստ առանձնահատուկ եւ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի համար մասնագետներ պատրաստելու հարյուրամյա փորձ ունի եւ նաեւ՝ նորը սերմանելու ու ժամանակի շունչը զգալու կամք: Անշուշտ, հարափոփոխ աշխարհում այլ կերպ անհնար է:

Քննարկումների ընթացքում ակնհայտ էր, որ մյունխենցի գործընկերները մեր մտահոգությունները, ապագայի պատկերացումները, իղձերը ուսումնասիրելու-ականջալուր լինելու մեծ պատրաստակամություն ունեին: Եւ հետաքրքիր-կառուցողական էր երկօրյա աշխատանքը: Ընդսմին, շատ ավելի ախույժ ու արդյունավետ էր երիտասարդների օրակարգը: Լեզուների իմացությամբ, բանիմաց, էրազմուսյան փորձուսուցման հնարավորություն ունեցած մեր ուսանող-ասպիրանտ-PhDակիրները արեւմուտքի եւ արեւելքի լավագույն արժեքների յուրօրինակ կրողն են, դրանց խաչասերողը՝ ընտրասերողի վարպետությամբ, եւ հուսանք՝ հենց այդ տեսլականը իրականություն դարձնելու գլխավոր ներուժը: