Աթենքի գյուղատնտեսական համալսարանի ներկայացուցիչների այցը ՀԱԱՀ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում այս շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց իր հերթական ներգնա
շարժունությունը։ Այս անգամ մեր հյուրերն էին Աթենքի գյուղատնտեսական համալսարանի Եվրոպական ծրագրերի
գրասենյակի աշխատակիցներ Թեոնի Անաստոպոլոուն եւ Գրիվա Վասիլիկին, ինչպես նաեւ Բուսաբուծության
ֆակուլտետի պրոֆեսոր Պենելոպե Բեբելին։
Այցի առաջին օրը ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը հյուրերին
ներկայացրել է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարական
ենթակառույցները, ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը։
ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացել են ջերմատանը, սննդամթերքի
անվտանգության լաբորատորիային, գինու եւ հացի ու շոկոլադի, գարեջրագործության եւ թորման
լաբորատորիաներին, թեստային կենտրոնին, ընթերցասրահին եւ այլն։ Շրջայցի նպատակն էր ցույց տալ, թե
ինչպիսի պայմաններում են սովորում մեր ուսանողները, եւ թե ինչ է առաջարկում մեր համալսարանը ներգնա
շարժունությամբ հետաքրքրված ուսանողությանը եւ դասախոսական անձնակազմին։
Թեոնի Անաստոպոլոուն ներկայացրեց իրենց միջազգային գրասենյակի կատարած աշխատանքները եւ
Էրազմուս+ ներգնա եւ արտագնա շարժունությունը։
Պրոֆեսոր Պենելոպե Բեբելին ՀԱԱՀ էր ժամանել դասավանդման նպատակով։ Նա «Բույսերի
գենետիկական ռեսուրսները բուսաբուծության մեջ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ագրոնոմիայի
ֆակուլտետի ներկայացուցիչների համար: Ներկայացումից հետո եղավ ակտիվ քննարկում։
Այս անգամ եւս ՄԿԴ-ին պատրաստել էր մշակութային միջոցառումներ։ ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանի
ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Գեղարդի վանական համալիր եւ Գառնիի հեթանոսական տաճար, որտեղ
ծանոթացան հայոց պատմության շրդադարձային որոշ դեպքերին, ինչպես նաեւ ունկնդրեցին հայկական հոգեւոր
երգերի կատարմանը։ Ի դեպ, հույն գործընկերներն իրենց էրազմուսյան մասնակցության հավաստագրերը ստացան
հենց այնտեղ՝ Արարատի վեհաշուք պատկերի ներքո։ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ
Գայանե Մարմարյանի ուղեկցությամբ էլ հյուրերն այցելեցին Էջմիածին, որտեղ ականատես եղան գինու ստեղծման
եւ լավաշի թխման արարողությանը, այցելեցին թանգարաններ, ծանոթացան հայկական խոհանոցին։
ՄԿԴ աշխատակիցները Աթենքի գյուղատնտեսական համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկեցին
մինչ այդ իրականացված շարժունության արդյունքները, ինչպես նաեւ հստակեցրեցին ՀԱԱՀ 4 մասնակիցների
Հունաստան այցի մանրամասները, որը տեղի կունենա հունիսին։ Պլանավորեցին նաեւ այս տարի Էրազմուս+-ի նոր
հայտադիմում պատրաստելու եւ ներկայացնելու մանրամասները։
Շարժունության ավարտին հյուրերը գոհունակություն եւ ՀԱԱՀ-ի հետ երկարատեւ համագործակցության,
մասնավորապես համատեղ հետազոտություններ անցկացնելու ցանկություն հայտնեցին։