Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի ուղերձը Բույսերի պաշտպանության օրվա առթիվ

Հարգելի գործընկերներ եւ բույսերի ապագա պաշտպաններ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Միջազգային հանրությունը մայիսի 12-ը նշում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր: 2022-ից Հայաստանում նույնպես նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության, ինչպես նաեւ Բույսերի պաշտպանների օր: Պարենային եւ սննդի անվտանգություն, ինքնաբավություն, մատչելիություն. սրանք խնդիրներ են, որ ծառացած են աշխարհի առջեւ: ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի գյուղմթերքի շուրջ քառորդ մասը ոչնչանում է վնասակար օրգանիզմների պատճառով: Եւ այս հանգամանքն առավել կարեւոր է դարձնում բույսերի պաշտպանների դերը. երկրի համար ռազմավարական նշանակությամբ մի մասնագիտություն, որի կարեւորությունը դժվար է գերագնահատել:

Տոնի շահառուների լայն շրջանակը լավատեսություն է ներշնչում  մասնագիտության եւ  ոլորտի ապագայի նկատմամբ:

Բույսերի պաշտպանների օրը լավ առիթ է եւս մեկ անգամ շեշտելու ոլորտի կանոնակարգման եւ վերահսկողության համար պատասխանատու պետական մարմնի, կրթական հաստատության, մասնագիտական համայնքի, հասարակական կառույցների եւ այլ շահակիցների ուշադրությունը սեւեռելու առկա խնդիրների վրա։

Ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելուն միտված լուծումներ գտնելու տեսակետից գլխավոր դերը բարձրակարգ, բանիմաց մասնագետներինն է:

Որպես բույսերի պաշտպանության մասնագետ եւ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան պետք է շեշտեմ բույսերի պաշտպանության ավանդական եղանակների հնացածության, նոր տեխնոլոգիաների, գիտելիքահենք մոտեցումների վրա հիմնված կրթական ծրագրեր յուրացրած, գործնական գիտելիքներով ու հմտություններով զինված բանիմաց մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը։

Այս առումով  Ագրարային համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները բույսերի մրցունակ պաշտպաններ պատրաստելու համար: ՀԱԱՀ-ն  երկրում առաջին բուհն է, որ նախաձեռնեց եւ մեծ հաջողությամբ իրականացնում է աշխատանքային կիսամյակը, որի շնորհիվ, բացի տեսական գիտելիքներից, շրջանավարտներն արտադրությունում ձեռք են բերում կիրառական հմտություններ:

Բույսերի պաշտպանների պահանջարկը երկրում մեծ է, իսկ առաջարկվող աշխատավարձերը մրցունակ՝ որեւէ բնագավառի հետ համեմատած:

Օրվա խորհրդին համահունչ  է «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» բանաձեւը:

 

Արմենակ Տեր-Գրիգորյան

ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան