Ագրոնոմիական ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը երեկ՝ դեկտեմբերի 12-ին, սկսվեց ՀԱԱՀ ուսանողական գիտական շաբաթվա ընթացքում աչքի ընկած լավագույն ուսանողների պարգեւատրմամբ: Երկու անվանակարգերում՝ «Լավագույն գիտական աշխատանք» եւ «Լավագույն վերլուծական աշխատանք», առաջին 3 տեղերն զբաղեցրած աշխատանքների հեղինակները խրախուսվեցին պատվոգրերով:
Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հայտարարեց հաջորդ ուրախալի ձեռքբերման մասին. ՀԱԱՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ մագիստրատուրայի ուսանողուհի Սուսաննա Խաչատրյանը եւ բակալավրիատի ուսանող Արտյոմ Գասպարյանն արժանացել են ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի անվան կրթաթոշակի: «Նախորդ տարիների համեմատ, այս տարի էականորեն բարձրացել է անվանական կրթաթոշակառուների ուսման վարձի ֆինանսական փոխհատուցման չափը, որը մեծ օգնություն է մեր ուսանողների համար»,- նկատեց պարոն Տեր-Գրիգորյանը:
Այնուհետեւ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության, Բուսաբուծության եւ հողագիտության եւ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնների վարիչները ներկայացրեցին վերջերս ավարտված աշխատանքային կիսամյակի արդյունքները: Աշխատանքային կիսամյակն առաջինը ՀԱԱՀ-ում եւ առհասարակ երկրի բուահական համակարգում ներդրած ֆակուլտետը շարունակում է մնալ առաջատարն ու նոր ձեռքբերումներ գրանցել։ «Արդեն մենք ենք կարողանում ընտրել մեր հուսալի գործընկերներին՝ այժմ նաեւ ֆակուլտետին կից ստեղծված արդյունաբերական խորհրդի անդամների ներկայացրած կազմակերպություններից: Այլ բուհերի մեր շատ գործընկերներ դիմում են մեզ՝ աշխատանքային կիսամյակի ձւաչափով փորձուսուցմանն առնչվող խորհրդատվություն ստանալու նպատակով»,- նշեց ֆակուլտետի դեկանը:
Այս ուսումնական տարվա ընթացքում ֆակուլտետի 26 ուսանող աշխատանքային փորձուսուցում է անցել ոլորտի առաջատար ընկերություններում․ նրանցից 18-ին, այն է՝ շուրջ 70 տոկոսին աշխատանքի առաջարկ է արվել (ուսանողներից ոմանք մերժել են՝ իրենց ժամանակը ամբողջությամբ ուսմանը հատկացնելու կամ արդեն այլ աշխատանք ունենալու բերումով)։ Փորձուսուցման ընթացքում վեց ուսանող ստացել է 150 հազ․ դրամ աշխատավարձ։
Աշխատանքային կիսամյակը հաջողությամբ ավարտած ուսանողներից Արտյոմ Գասպարյանն ասաց. «Ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ համալսարանում ստացած տեսական գիտելիքները աշխատանքային կիսամյակի ընթացքում դարձան կիրառելի, ձեռք բերեցինք տարբեր սարքավորումների հետ աշխատելու կարեւոր փորձ: Ընդհանուր առմամբ, ես հիմա վստահ կարող եմ ասել, որ պատրաստ եմ որպես մասնագետ անցնել աշխատանքի»:
Ագրոնոմիականի գիտխորհրդի նիստում նաեւ ներկայացվեցին ֆակուլտետի ասպիրանտների եւ հայցորդների տարեկան հաշվետվությունները:
- 13/12/2023
- 2023