Ագրոէկոլոգիա եւ Անտառային տնտեսություն մասնագիտություններով ավարտական կուրսերը պաշտպանեցին դիպլոմները

Ագրոէկոլոգիա եւ Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում մասնագիտությունների առկա եւ հեռակա համակարգերում սովորող ավարտական կուրսերի ուսանողներն էլ պաշտպանեցին դիպլոմային աշխատանքները։

Ընդգրկուն մեկ հայացքը չէր կարող չնկատել, որ՝ 1․ ուսանողների սեփական հետազոտությունների մասնաբաժինն ու որակը տարեցտարի վստահաբար ավելանում են, 2․ ընդլայնվում է հետազոտությունների աշխարհագրությունը, 3․ աշխատանքների թեմաները գնալով դառնում են ավելի արդիական, իսկ դրանց հիմնավորումներն՝ ավելի հասուն եւ ընկալելի։

Ինչ էր մնում անելու հաձնձնաժողովին եւ դրա կազմում՝ նաեւ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանին ու դասախոսներին։ Դատելով դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ հանձնաժողովի բարձրացրած հարցերից, ուսանողների՝ որպես կայացած գործընկերների հետ երկխոսությունից՝ մասնագիտական անընդհատ աճը սահմաններ չունի, մինչդեռ մասնագիտական ասպարեզ նոր-նոր ոտք դնող ուսանողները սա հստակ գիտեն ու նաեւ գիտեն, թե ինչով են զբաղվելու առաջիկա տարիներին։ Հանձնաժողովն էլ նկատեց, գնահատեց եւ խրախուսեց ուսանողների (եւ նրանց ղեկավարների) կատարած մեծ ծավալի աշխատանքը։

Ակնհայտ էր, որ ուսանողները կարողանում են կոնկրետ թեմաները (բերքատվություն, բնակավայրերի ներուժ, ագրոտուրիզմի զարգացում, վերականգնվող էներգիայի ստացում, արտադրողականություն ․․․) դիտարկել-վերլուծել ավելի լայն՝ էկոլոգիական, կլիմայափոխության, տարածաշրջանային, էներգախնայողության, թվային տեխնոլոգիաների համատեքստում։

Աշխատանքների որակի բարձրացման եւ արդիականության հարցում, անշուշտ, հստակ է Ագրոնոմիական ֆակուլտետի «ձեռագիրը»։