Օրերս ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունից տեղեկացանք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կրկին ստացել է մետատվյալների մատակարարի կարգավիճակ, իսկ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը ինդեքսավորվել է AGRIS շտեմարանում (փաստացի հասանելիությունը՝ հուլիսից):
ՀԱԱՀ գիտական գրադարանը ոչ վաղ անցյալում համագործակցում էր ՄԱԿ-ի ՊԳԿ դեպոզիտար գրադարանի հետ եւ փաստորեն AGRIS հարթակ մուտք գործելու հասանելիություն ուներ: Սակայն մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով կապը երկու կազմակերպությունների միջեւ այս առումով ընդհատվել էր:
1974 թվականից ի վեր ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աջակցություն է ցուցաբերում իր անդամ երկրներին՝ իրենց հետազոտական արդյունքները տեսանելի եւ հասանելի դարձնելու համար` Գյուղատնտեսական գիտության եւ տեխնոլոգիաների միջազգային համակարգի (AGRIS) միջոցով: AGRIS-ը ագրոպարենային ոլորտի գիտական գրականության ամենաընդգրկուն շտեմարաններից է, որում անվճար ընդգրկված են 90 լեզուներով միլիոնավոր մատենագիտական գրառումներ: Հետեւաբար, AGRIS-ն օգտագործում են այն մարդիկ, որոնք հակված են նշված ոլորտի տարբեր ճյուղերի վերաբերյալ գիտական հետազոտությունների եւ հղումների որոնման: