Մայիսի 4-ին Ագրարային համալսարանի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին Երեւանի եւ մարզերի տարբեր դպրոցների տնօրեններ՝ ծանոթանալու հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նոր ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, հեռանկարային մասնագիտություններին:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ջերմորեն ողջունելով եւ կարեւոր համարելով հանրակրթական դպրոցների տնօրենների այցն Ագրարային համալսարան, ներկայացրեց իրականացված եւ իրականացվելիք աշխատանքները, որոնք լիովին փոխել են ագրարային կրթության պատկերը:
«Գյուղատնտեսության մեջ աշխատանքն այլեւս մեր իմացած չարքաշ աշխատանքը չէ, այն հիմնված է ժամանակակից տեխնոլոգիաների եւ տվյալագիտության վրա: Մայրաքաղաքի բնակարանից հեռախոսով հնարավոր է կառավարել մի ամբողջ մեծ տնտեսություն, եթե ունես անհրաժեշտ գիտելիքներ եւ տիրապետում ես արդիական տեխնոլոգիաներին: Ընդ որում, ագրարային ոլորտի մեր լավագույն մասնագետները շատ դեպքերում ավելի բարձր են վարձատրվում, քան տեղեկատվական տեխոնոլոգիաների մասնագետները»,- նշեց ռեկտորը:
Վերջին տարիներին Ագրարային համալսարանում ստեղծվել են ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով հագեցած մի շարք կրթահետազոտական կենտրոններ ու լաբորատորիաներ, որտեղ ստեղծված են բոլոր հնարավորությունները ուսանողից լավ մասնագետ պատրաստելու համար: Ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ ՀԱԱՀ-ում պարբերաբար անցկացվող վերապատրաստման կարճաժամկետ դասընթացները (խելացի անասնաֆերմաների, կանաչապատման եւ լանդշաֆտային դիզայնի, բույսերի պաշտպանության, շոկոլադագործության, մեղվաբուծության եւ այլն) մեծ թվով դիմորդներ են ունենում․ սա վկայում է ոլորտի մասնագիտական գիտելիքների եւ կարողությունների կարիքի մասին: Մյուս կողմից, համալսարանի բակալավրիատի առկա համակարգն ունի դիմորդների խնդիր:
Հանդիպումը գյուղատնտեսության տարբեր ենթաոլորտների հարաճուն զարգացման եւ դրանք մասնագիտական կադրերով համալրելու լուրջ անհրաժեշտության եւ այդ մասնագիտությունների ընձեռած լայն հնարավորությունների մասին իրազեկության բարձրացման լավ հնարավորություն էր։ Տնօրենները նաեւ իմացան, ագրարային 16 մասնագիտությունների գծով 2023-2024 ուստարվա դիմորդներին 70 հազար դրամ կրթաթոշակ տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին։ Սա լուրջ խթան կարող է հանդիսանալ դիմորդների հոսքի ապահովման առումով։ Պետության կողմից մյուս կարեւոր քայլը մարզային դպրոցներում ագրոտեխնոլոգիական թեքումով դասարանների բացումը կլինի։
Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ քննարկումներից ակնհայտ դարձավ, որ ներկաներից շատերը, կարեւոր համարելով հանդերձ ագրարային ոլորտի մասնագիտությունների դերը, տեղյակ չէին ժամանակակից ագրոտեխնոլոգիական կրթության այն առավելությունների ու հնարավորությունների մասին, որոնք այսօր ընձեռում է Ագրարային համալսարանը: Տնօրեններից ոմանք համալսարանի ներկայացուցիչներին հրավիրեցին դպրոցներ՝ տեղում աշակերտներին եւ նրանց ծնողներին ներկայացնելու պահանջարկված, երկրի համար հեռանկարային մասնագիտությունների անհրաժեշտությունը եւ ՀԱԱՀ-ի ուսանող լինելու առավելությունները: