Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետին կից արդյունաբերական խորհուրդ է ստեղծվել

Դեկտեմբերի 8-ին կայացավ Ագրարային ճարտարագիտության ֆակուտետին կից արդյունաբերական խորհրդի հիմնադիր ժողովը, որն ավարտվեց ոլորտի մասնավոր, հանրային եւ միջազգային կառույցների, ՀԿ-ների ներկայացուցիչների եւ համալսարանի միջեւ համապատասխան հուշագրի ստորագրմամբ։ Այսպիսով, Ճարտարագիտականը դարձավ արդյունաբերական խորհուրդ ունեցող չորրորդ ֆակուլտետը։ ՀՀ բուհական համակարգում նման խորհուրդներ գործում են միայն Ագրարայինում։
Ողջունելով հրավիրվածներին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց, որ ֆակուլտետներին կից գործող արդյունաբերական խորհուրդները փոխվստահության սկզբունքով լուրջ դերակատարություն են ստանձնել ակադեմիական կրթության որակի բարձրացման, գիտահետազոտական արդյունավետ օրակարգի առաջմղման, ուսանողներին գործնական հմտություններ տրամադրելու, ֆոնդահայթայթման ուղղություններում։
«Արդյունաբերական խորհուրդների գոյությունը մեզ վստահություն է տալիս, որ միայնակ չենք մրցունակ մասնագետների պատրաստման գործում։ Ձեր՝ փորձագետներիդ գիտելիքներն ու հմտությունները խիստ անհրաժեշտ են ֆակուլտետի գործունեության տարբեր ուղղություններում՝ աշխատաշուկայի կոնկրետ պահանջներից բխող ուսումնական պլանների արդիականացումից մինչեւ աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումների կազմակերպումը, գիտական եւ հետազոտական գոծունեությունից մինչեւ դասախոսների վերապատրաստում», – մասնավորապես ասաց ռեկտոր Ուռուտյանը։
Ագրոպարենային համակարգի թվայնացման մեր դարաշրջանում Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետը չի կարող տեխնոլոգիական զարգացումներին համաքայլ չընթանալ։ Ռեկտոր Ուռուտյանը ուշագրավ օրինակ բերեց՝ ներդրման երկրորդ տարում՝ այս ուումնական տարում, բազմակի անգամ ավելացել է ճշգրիտ գյուղատնտեսություն մագիստրոսական կրթական ծրագիր ընդունված ուսանողների թիվը։ Համալսարանում ստեղծված ագրոճարտարագիտական նորարարական ենթակառույցները՝ ագրոդրոնների լաբորատորիան, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնը, մասնաճյուղերում ու ուսումնափորձնական տնտեսություններում մեքենասարքավորումների թարմացված հավաքակազմը, մոդելավորման սենյակը, մարզերում ագրոտեխնոլոգիական թեքումով դասարանների ստեղծումը, գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնը, որի շինվերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ այս ամենը ծառայում եւ ծառայելու են հենց մրցունակ մասնագետների պատրաստման նպատակին։
«Աշխարհը գնում է թվայնացման ուղիով, մենք չենք կարող հետ մնալ։ Այս առումով վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք ավելի գրավիչ կդարձնենք ագրոճարտարագիտական մասնագիտությունները եւ առհասարակ մեր ջանքերն ավելի արդյունավետ կլինեն», – ասաց պարոն Ուռուտյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին՝ համագործակցության պատրաստակամության համար։
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը նույնպես ջերմորեն ողջունեց գործընկերներին՝ թե արդյունաբերական խորհրդի գաղափարին սատարելու եւ թե «արագ ու սահուն» գործի անցնելու համար։ «Սա փոխօգնության օրակարգ է, որի վերջնական նպատակը ընդհանուր է՝ ոլորտի, երկրի համար կայացած, մրցունակ մասնագետների պատրաստումը։ Մեր ֆակուլտետի շրջանավարտը սուպերմարկետում չի աշխատելու․ մենք այս հանգրվանն արդեն հաղթահարել ու անցել ենք, այսօր մենք պատրաստում ենք մասնագետների, որոնք օրակարգ են թելադրելու ոլորտում։ Եվ այս գործում ձեր ներկայությունը առաջնահերթություն է մեզ համար», – նշեց դեկան Սիմոնյանը։
Արդյունաբերական խորհրդի նորընծա անդամներն իրենց հերթին ողջունեցին գաղափարը, Ագրարային համալսարանի հետ հերթական նորարարական ձեւաչափով համագործակցելու հնարավորությունը եւ պատրաստակամություն հայտնեցին մասնագիտական հմտություններն ու իրենց ներկայացրած կառույցների կարողություններն ի սպաս դնել արդիական գիտելիքներով զինված մասնագետների պատրաստման գործին։ Այս առումով ամփոփիչ էր Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գեւորգ Մանուկյանի խոսքը․ «Ագրարային համալսարանում իրականացված բարեփոխումները, այստեղ ստեղծված աշխատանքային միջավայրը ողջունելի են եւ վստահություն են ներշնչում արդունաբերական խորհրդի արգասավոր աշխատանքի հարցում»։