Տարեսկզբին Էրազմուս+ ՀԳ2 համադրմամբ հայաստանյան 3 բուհում՝ ՀԱԱՀ, ՀԱՊՀ եւ ՃՇՀԱՀ, մեկնարկել է LISS24 («Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր») նախագիծը, որի շրջանակում մայիսի վերջին ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ Արթուր Ալթունյանը եւ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս Հասմիկ Գեւորգյանը գտնվում էին Ֆինլանդիայում՝ նախագծի աշխատափուլերից մեկի շրջանակում եվրոպական համադրողների հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
Հանդիպումը շատ հագեցած էր եւ բաղկացած էր երկու մասից։ Առաջին հանդիպումը նախատեսված էր Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանում (TUAS), որտեղ մասնակիցների համար կազմակերպել էին «B2B առևտրայնացման կառավարում» թեմայով կարճ, բայց հագեցած դասընթաց եւ հանդիպում iMotions ընկերության գործընկերների հետ։ Դասընթացի ամբողջ ընթացքում հատուկ շեշտադրում արվեց առեւտրայնացման բանակցությունների վարման, արդյունքների վերլուծության եւ գնահատման վրա։
Հաջորդ հանդիպումն արդեն Հելսինկիում՝ Հաագա-Հելիա կիրառական գիտությունների համալսարանում էր, որն այս տարի հյուրընկալել էր ESC-2024 ամենամյա մրցութը։ Հայկական թիմի դասախոսներին այստեղ սպասվում էր պատասխանատու աշխատանք․ նրանք երկու օր ստանձնեցին ESC-2024 մրցութի լիիրավ դատավորի պատասխանատու աշխատանքը եւ ըստ էության հնարավորություն ունեցան դրսեւորել նախորդիվ ստացած գիտելիքները։
Աշխատանքային հագեցած 5 օրն անցավ բանակցություններով եւ պայմանավորվածություններով, հարդյունս որոնց՝ առաջիկայում ձեռք կբերվեն ՀԱԱՀ-ում “B2B Sales Labs” վաճառքի լաբորատորիայի հիմնման եւ կահավորման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներ եւ կենսաչափական սարքեր ու տվիչներ։
Նախագիծը եւ դրա շրջանակում ձեռք բերված գիտելիքներն ու գործնական հմտությունները լայն հնարավորություն են տալիս Ագրարային համալսարանում գիտական արդյունքի առևտրայնացմանն ուղղված կրթական բաղադրիչի մշակման եւ B2B ձևաչափով վաճառքի մասնագետների պատրաստման համար։