Ագրարային համալսարանում ավելացել է դասախոսների թիվը

2024 թվականին, ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը լրջորեն բարելավել է ուսանողների ընդունելության ցուցանիշը՝ նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ ապահովելով 67 տոկոսով ավելի ուսանողների համալրում։ Այս էական դրական զարգացումը չէր կարող ազդեցություն չունենալ նաեւ դասախոսական կազմի համալրման ցուցանիշի վրա։

Այսպես՝ 2024 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀԱԱՀ-ում աշխատանքի է ընդունվել 22 նոր դասախոս, իսկ 24 դասախոսի ծանրաբեռնվածություն ավելացել է։ Սպասվում է, որ այս միտումը կշարունակվի նաեւ 2025 թվականին, քանի որ դրա համար ստեղծվել են էական նախադրյալներ։

Այս համատեքստում ապատեղեկատվություն ու կեղծարարություն տարածելով` տխրահռչակ լրատվամիջոցի տեղեկատվության աղբյուրների՝ Նոր տարվան ընդառաջ հրապարակած կեղծիքը, թե իբր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստն արդեն երկու անգամ հետաձգվում է` խորհրդին ներկայացվող նոր հաստիքացուցակի նախագծի պատճառով, որով իբր Ագրարայինում սպասվում են «մեծաքանակ կրճատումներ»․ մեղմ ասած, ծիծաղելի է։

Ճշմարտությունն այն է, որ տարեվերջին Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը երկու անգամ չի հետաձգվել, այլ կայացել է, եւ նիստի օրակարգում հաստիքացուցակի վերաբերյալ հարց առհասարակ չի եղել։ Անկեղծորեն ցավում ենք, որ տվյալ «լրատվամիջոցի» պատվիրատուներն, անճարակությունից դրդված, շարունակում են իրականությունը նենգափոխել եւ բացասական սպասումներ ձեւավորել Ագրարային համալսարանի ապագայի վերաբերյալ՝ երազելով դանդաղեցնել կամ, եթե կարողանան, կասեցնել ՀԱԱՀ-ի առաջընթացը։

Ի հեճուկս այդ հուսալքվող պատվիրատուների, Ագրարային համալսարանի մեծ ընտանիքը վաստակած լավատեսությամբ է սկսել տարին կասկած չի կարող լինել, որ 2025-ին համալսարանը հետեւողականորեն շարունակելու է կրթության որակի բարձրացման, ագրոպարենային ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստման եւ գիտության զարգացման իր պատվավոր առաքելությունը։