Ագրարային համալսարանի դիրքերն ամրապնդվում են. Լեւոն Գեւորգյան

Այսօր Ագրոթեք ինկուբատորում պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանը, դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության կենտրոնի մասնագետ Մանե Շուշանյանը եւ տեխնոլոգիականի բակալավրիատի ու մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ ընդունեցին Երեւանի շոկոլադի գործարանի տեխնոլոգիական գծով խորհրդական Անահիտ Պողոսյանին եւ արտադրության գծով փոխտնօրեն Լեւոն Գեւորգյանին:

Ընկերության հետ սկսվող գործակցության շրջանակում հանդիպումը երկրորդն էր. առաջինը եղել է մեր մասնագետների այցը այս հետաքրքիր, հայրենական եւ արտերկրի շուկայում «Մարկ Սեւունի» եւ «Սոնուար» ապրանքանիշերով հայտնի եւ իր ուրույն ճանաչելի ձեռագիրն ունեցող ընկերություն:

Լեւոն Գեւորգյանը ուսանողներին պատմեց տասնհինգամյա ընկերության պատմության, բազմազան, որակյալ ու մրցունակ արտադրատեսակների, արտահանման դինամիկայի (ընկերության որակյալ արտադրանքն արտահանվում է բազմաթիվ, այդ թվում՝ արեւմտաեվրոպական երկրներ) մասին: Խոսեց նաեւ գլխավոր խնդրից, որ ընդհանուր է առհասարակ երկրի շոկոլադի արդյունաբերության համար՝ տեխնոլոգ մասնագետների եւ որակի տեսուչների լուրջ պակասը: Թե Երեւանի շոկոլադի գործարանի եւ թե ըստ էության գործող բոլոր մեծ ու փոքր մյուս ընկերությունների առջեւ ծառացած է այս խնդիրը, որը լուծում են արտերկրից հրավիրվող մասնագետների միջոցով՝ այստեղից բխող հետեւանքներով: Սակայն, ինչպես նշեցին մեր հյուրերը, անհամեմատ ավելի գերադասելի է ունենալ տեղացի մասնագետներ, որոնք, ֆինանսական նկատառումներից զատ եւ դրանցից էլ առաջ, կլինեն թիմի սրտացավ անդամ:

Պարոն Գեւորգյանը հույս հայտնեց, որ Ագրարային համալսարանի հետ գործակցության այս խոստումնալից սկիզբը լավ շարունակություն կունենա, հատկապես՝ ընկերության կադրային բացը լրացնելու տեսակետից: «Մեզ անհրաժեշտ են տարբեր մասնագետներ՝ տեխնոլոգներից մինչեւ դիզայներներ. պայմանը բավարար մասնագիտական գիտելիքներ ունենալն է: Այնպես որ լավ սովորեք, մասնավորապես քիմիայից ձեռք բերեք անհրաժեշտ գիտելիքներ»,- ասաց պարոն Գեւորգյանը եւ հավելեց, որ այսօր էլ աշխատանքի ընդունվելու համար դիմողների մեծամասնությունը մեր համալսարանից են, որը բնական է:

«Մեզ մոտ աշխատանքի ընդունվելու առումով Ագրարային համալսարանի դիրքերը գնալով ամրապնդվում են՝ հաշվի առնելով համալսարանում իրականացվող արմատական բարեփոխումները, եւ ես լիահույս եմ, որ առաջիկայում մենք միասին ավելի առաջ ենք տանելու ոլորտը»,- նկատեց Լեւոն Գեւորգյանը:

Առաջ անցնելով արձանագրենք, որ, դատելով Երեւանի շոկոլադի գործարանի փոխտնօրենի՝ իր գործին սիրահարված պրոֆեսիոնալի «համուհոտով» պատմություններից, ուսանողների հարցերից ու դրանց համակողմանի պատասխաններից՝ մոտ ապագայում մեր ուսանողներին սպասում է շատ հետաքրքիր ու արդյունավետ փորձուսուցում եւ աշխատանքային կիսամյակ, իսկ նրանցից առավել մրցունակներին հոգեկան բավարարություն պատճառող աշխատանք՝ հաճելի ու ստեղծագործական միջավայրում: Ի դեպ, ինքը՝ Լեւոնը, Երեւանի շոկոլադի գործարան է եկել այլ ընկերությունից, «արմատակալել» այստեղ՝ հենց ստեղծագործական ազատությունը վայելելու հնարավորության համար:

Հանդիպումից հետո հյուրերը ծանոթացան համալսարանի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադի արտադրական լաբորատորիային: