Ագրարային համալսարանը ողջունում է հեռակա առաջին կուրս ընդունված ուսանողների մուտքը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանդիսավորապես ընդունեց բակալավրիատի հեռակա համակարգի առաջին կուրս ընդունված 835 ուսանողներին։

Մեծ դահլիճում նրանց ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին ռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։ Նրանք մասնավորապես ասացին, որ Ագրարային համալսարանի ուսանող դառնալը պատիվ, միաժամանակ մեծ պատասխանատվություն է․ այստեղ սովորելը հեշտ չի լինելու, քանզի մրցունակ, երկրի ագրապարենային ոլորտի զարգացման գործը առաջ տանող մասնագետ դառնալը հեշտ չի լինում։ Իսկ որակյալ կրթություն ստանալու եւ լավ մասնագետ դառնալու համար համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները։

Ուսանողներին ջերմորեն ողջունեց նաեւ համալսարանի գործընկեր Ֆաստ բանկի Շրջանային մասնաճյուղի տնօրեն Արա Վարդանյանը։ Պարոն Վարդանյանը հպարտությամբ եւ երախտագիտության զգացումով նշեց իր՝ Ագրարային համալսարանի շրջանավարտ լինելու փաստը եւ կոչ արեց լավ սովորել, ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ ստանձնել ոլորտի ապագա առաջնորդների առաքելությունը։ Ֆաստ բանկի մասնաճյուղի տնօրենը միաժամանակ տեղեկացրեց, որ բանկը ուսանողներին տրամադրում է անվճար VISA GOLD ԱկնՔարտ, որը նրանց տալիս է մի շարք առավելություններ, այդ թվում՝ առցանց կրթական հարթակների դասընթացներից շահավետ օգտվելու հնարավորություն։

Այնուհետեւ, առաջին դասի մեկնարկից առաջ տարբեր ֆակուլտետների ուսանողները առանձին հանդիումներ ունեցան դեկանների եւ այլ պատասխանատուների հետ։ Բոլոր հանդիպումների ժամանակ, կանոնակարգային-կազմակերպական-աշխատասնքային անհրաժեշտ տեղեկույթից զատ, դեկանները եւ դեկանների տեղակալները ուսանողներին փոխանցեցին մի քանի կարեւոր ուղերձ․ Ագրարային համալսարանը լավ սովորելու տեղ է, ագրոպարենային ոլորտի մասնագետ դառնալ նշանակում է երկրի զարգացման պատասխանատու դառնալ, Ագրարայինն ավարտողն իր երաշխավորված մրցունակ տեղն ու առանձնահատուկ դերն ունի կատարելու անընդհատ զարգացող եւ արդիականացող մասնագիտական աշխատաշուկայում։

Բարի գալուստ Ագրարային համալսարան։