Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի սաները, որտեղ ընգրկված են 10-ից 12-րդ դասարանների աշակերտներ, օրերս հյուրընկալվել էր Ագրարային համալսարանում։ Սյունեցի դպրոցականներին ուղեկցում էր խմբակի ղեկավար Իսկուհի Հովհաննիսյանը։
Բռնակոթցի պատանիներն ու հատկապես աղջիկները մեծ հետաքրքրությամբ նախ ունկնդրեցին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի ներածական խոսքը համալսարանի պատմության, կրթական ծրագրերի եւ հնարավորությունների մասին, այնուհետեւ շրջայց կատարեցին համալսարանի մի շարք նորարարական ենթակառույցներում։
Դատելով երեխաների հետաքրքրությունից, տված հարցերից ու արտահայտած մտքերից՝ ակնհայտ է, որ «Ագրոտեխնոլոգիա» խմբակները կամ ինչպես այլ կերպ անվանում են Ագրարայինում՝ ագրոդասարանները լիովին ծառայում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ «Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի նախանշած նպատակին։
Մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» կրթական ծրագիրը նախաձեռնել եւ մշակել է Ագրարային համալսարանը, իսկ «Իմ քայլը» հիմնադրամը ֆինանսավորում է Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան համայնքների 9 ավագ դպրոցում գործող «Ագրոտեխնոլոգիա» խմբակների գործունեությունը։ Տավուշի մարզում գործող եւս երկու դպրոցներում ծրագիրը ֆինանսավորում էՀԱԱՀ-ը։
Ընդհանուր առմամբ, 11 դպրոցներում գյուղատնտեսության հիմնական ոլորտներում նախամասնագիտանում է 253 աշակերտ։ Խմբակներում դասավանդող 33 մանկավարժները նախապես վերապատրաստվել են Ագրարային համալսարանում։