Ագրարային համալսարանում ավարտվեց «Գինու բիզնես» միջազգային ամառային առաջին դպրոցը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացված «Գինու բիզնես» քառօրյա միջազգային առաջին ամառային դպրոցն ավարտվեց հուլիսի 21-ին՝ հավաստագրերի հանձնման արարողությամբ։ Հավաստագրերը մասնակիցներին հանձնեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր, ամառային դպրոցի դասընթացավար Յոն Հանֆը: Պարոն Ուռուտյանը շնորհավորեց ամառային դպրոցի առաջին շրջանավարտներին։ Դպրոցը նա մասնակիցների համար գնահատեց որպես մասնագիտական կարիերային են անձնական զարգացմանը նպաստող կարեւոր նախաձեռնություն եւ շնորհակալություն հայտնեց Գայզենհայմի համալսարանին, պրոֆեսոր Հանֆին եւ նրա թիմին՝ գերազանց աշխատանքի համար։ Յոն Հանֆն, իր հերթին, ջերմորեն շնորհավորեց մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնեց համակազմակերպիչներին՝ ՀԱԱՀ-ին, Խաղողագործության եւ գինեգործության հմնադրամին, ICARE հիմնադրամին եւ ամառային դպրոցի հովանավոր GIZ-ին։

Ամառային դպրոցին մասնակցության հնարավորություն են ունեցել  25 դիմորդ, որոնցից երկուսը՝ GIZ-ի Մակեդոնիայի գրասենյակի ներկայացուցիչներ Իռենա Ջիմրեւսկան եւ Անիցա Պալացոն:

Ամառային դպրոցին մասնակցել են նաեւ ՀԱԱՀ Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի դասախոսներ Էլինա Գրիգորյանը եւ Գրետա Իսկանդարյանը, այն գնահատում են որպես մեծ հնարավորություն՝ գինու ոլորտի առաջատար եւրոպացի մասնագետներից տեղեկություններ ստանալու առումով: Ստացած գիտելիքներն ու փորձը նրանք փոխանցելու են իրենց ուսանողներին: Դասախոսների հետ ամառային դպրոցի մասնակիցների շարքում էր նաեւ ՀԱԱՀ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Սերգեյ Ղամբարյանը, որն արդեն աշխատում է «Արմենիա Վայն» ընկերությունում: Դասընթացի թեմաներից նրան առավել հետաքրքրել են գինու շուկայավարման հարցերը, ու նա արդեն գիտի՝ ինչպես անել, որ գինին դրսում ճանաչվի ու մեծ պահանջարկ ունենա: Ասում է, որ ապագայում, երբ սկսի զբաղվել սեփական արտադրությամբ, այս դպրոցից ստացած գիտելիքները պետք կգան բիզնեսը զարգացնելու համար:

Ամառային դպրոցի հագեցած օրակարգը պարբերաբար համեմվում էր գինու, այդ թվում՝ ոչ ալկոհոլային գինիների համտեսներով:

Հայաստանում գինու միջազգային դպրոց անցկացնելու գաղափարը կարեւոր, իսկ իրենց յուրացրածը՝ կիրառելի եւ օգտակար են համարում գործող գինեգործներից՝ «Մունք» գինիների հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն ու «Երեւակ» նարնջագույն գինիների համահիմնադիր Նաիրի Գրիգորյանը։

«Հետաքրքիր էր հատկապես Եւրոպական շուկայում պահանջված գինու թրենդներին ծանոթանալը: Հայաստանում մենք ավելի շատ պահպանողական, ավելի թունդ գինիներ ենք արտադրում, այնինչ պարզվում է Եվրոպայում նախընտրում են թեթեւ, նույնիսկ ոչ ալկոհոլային գինիներ, որոնցից նաեւ համտեսեցինք դասընթացի ընթացքում: Կարծում եմ, առաջիկայում մեր արտադրատեսակները վերանայելու անհրաժեշտություն կլինի»,- նշում Նաիրի Գրիգորյանը եւ շնորհակալություն հայտնում «Գինու բիզնես» ամառային դպրոցի կազմակերպիչներին ու դասընթացավարներին: