ՖՐՈՒՏԵՆԻԱ. մեկնարկում է նախագծի երկրորդ տարին

Դեկտեմբերի 23-ին ռեկտորատի նիստերի դահլիճում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը ստորագրեցին «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագծի շրջանակում համագործակցության ձեւաչափ մասին» վերտառությամբ հուշագիր: Նախագիծն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Հուշագրի ստորագրումից առաջ նախագծի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան նախագծի երկու՝ ագրոտեխնիկական եւ կրթական բաղադրիչների ղեկավարները՝ Սարգիս Մկրտչյանը եւ Սուսաննա Մեժլումյանը: Զեկուցումներից պարզ դարձավ, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019թ. դեկտեմբերին մեկնարկած նախագիծն արդեն բավականին առաջընթաց է գրանցել:

Չորսամյա ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի ագրոտեխնիկական բաղադրիչի շրջանակում ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում նախագծին տրամադրվել է 1,5 հեկտար հողակտոր՝ ինտենսիվ այգի հիմնելու նպատակով։ Կատարվել են հողի նախապատրաստական աշխատանքներ՝ հողանմուշների հետազոտություն, հողի ֆիզիկաքիմիական կառուցվածքը բարելավելու նպատակով հողի հարստացում օրգանական և անօրգանական պարարտանյութերով, ինչպես նաև կատարվել են անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումներ։ Ամփոփման փուլում են տնկիներ եւ գյուղտեխնիկա ձեռք բերելու համար հայտարարված մրցույթները: Սորտերի ընտրության եւ այգու նախագծի կազմման գործում ներգրավվել են տեղացի եւ միջազգային փորձագետներ:

Սարգիս Մկրտչյանն ասաց, որ գարնանը կհիմնվի ինտենսիվ այգի՝ ծիրանենու 1, սալորենու, կեռասենու ու դեղձենու 7-ական սորտերով, կաթիլային ոռոգման համակարգով եւ կարկտապաշտպան ցանցով: Այգին լինելու է փորձացուցադրական ու ուսուցողական. ուսանողներից բացի, այգեպտղաբուծության նորագույն տեխնոլոգիաներին այստեղ ծանոթանալու հնարավորություն կունենան նաեւ պտղաբույծ ֆերմերները: Այգին 2022-ին փոխանցվելու է ՀԱԱՀ-ին եւ, ինչպես տեղեկացրեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ընտրվելու են լավագույն սորտերը՝ հետագայում համալսարանի ապագա տնկարանի համար, ինչպես նաեւ՝ առեւտրային նպատակներով:

2021թ. փետրվար ամսին Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունը կհամալրվի նոր անիվավոր տրակտորով և սարքավորումներով (գութան, կուլտիվատոր, մուլչեր և սրկսիչ)։

Պարոն Մկրտչյանը նաեւ ներկայացրեց նախագծի շրջանակում պատրաստված պտղաբուծության վերաբերյալ www.aygi.am կայքը, որտեղ ոլորտի շահառուները կարող են գտնել պտղաբուծության վերաբերյալ տեսանյութեր, հրապարակումներ, խորհուրդներ, մասնագետների կոնտակտային տվյալներ և այլ օգտակար նյութեր։ Կայքը մշտապես հարստացվում է ուսուցողական եւ գիտասփյուռ-խորհրդատվական բնույթի նորանոր նյութերով:

Ինչպես տեղեկացրեց նախագծի կրթական բաղադրիչի ղեկավար Սուսաննա Մեժլումյանը, այս բաղադրիչով նախատեսված աշխատանքները սկսելուց առաջ կատարվել է  ելակետային գնահատում, որի նպատակն էր ուսումնասիրել այգեպտղաբուծության ոլորտի մասնագիտական կարիքները: Գնահատման արդյունքների, ինչպես նաեւ ոլորտի շահակիցների հետ քննարկումների հիման վրա որոշվել է առավել պահանջված առարկաների ցանկը: ՀԱԱՀ-ի եւ միջազգային փորձագետների ուժերով արդիականացվել են Հարակայուն գյուղատնտեսության հիմունքներ, Պտղաբուծություն և Էնտոմոլոգիա առարկաների առարկայական ծրագրերը: Ընթացքի մեջ են նաեւ Ինտենսիվ այգիների հիմնում և կառավարում, Տնկարանների հիմնում եւ կառավարում, Ընկուզավոր պտղատեսակների այգիների հիմնում եւ կառավարում եւ Ֆիտոպաթոլոգիա առարկաների մշակման/արդիականացման աշխատանքները։

Բոլոր առարկաների մշակված ամբողջական փաթեթը կտրամդրվի ՀԱԱՀ–ին 2021թ․ նոյեմբերին։ Այդ ժամանակահատվածում կիրականացվի նաեւ ՀԱԱՀ համապատասխան դասախոսների վերապատրաստում, ովքեր եւ կդասավանդեն այդ առարկաները, նշեց տիկին Մեժլումյանը:

Ռեկտոր Ուռուտյանը ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի առաջին տարին գնահատելով որպես արդյունավետ, այն մասնավորապես համարեց Ագրոնոմիական ֆակուլտետի կարողությունների զարգացման լավագույն հնարավորություն:

Պարոն Ուռուտյանը վերջում ներկաներին հաղորդակից դարձրեց խոստացված «երեք լավ լուրերին». համալսարանի Ակունքի տնտեսությունում կներդրվի ոռոգման կաթիլային համակարգ եւ կկառուցվի ջերմատուն. վնասատուների դեմ պայքարի համար ձեռք կբերենք սրսկիչ անօդաչու սարք. ինչպես նաեւ կներդրվի Ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական արդիական կրթական ծրագիրը:

Այս լավատեսական նորությունների խորապատկերին էլ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ֆակուտետի եւ նախագծի թիմի անունից պատրաստակամություն հայտնեց մասնագիտական բոլոր ջանքերը ներդնել նախագծով նախատեսված կարեւոր նպատակների իրագործման համար: