Ագրարային համալսարանում շարունակվում է դասախոսների վերապատրաստման գործընթացը: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ վերապատրաստվում են նաեւ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոսները:
Ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը, ներկայացնելով դասընթացավարին՝ Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանին, հույս հայտնեց, որ բովանդակային քննարկումներ տեղի կունենան և չսխալվեց:
Դասընթացավարը և մասնակից դասախոսները, լինելով ոլորտին քաջատեղյակ մասնագետներ, միմյանց լրացնելով՝ վեր հանեցին Հայաստանում կայուն գյուղատնտեսության վարմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ, ներկայացրին իրենց տեսակետները մեր երկրում ագրոմշակույթի ձևավորման, օրգանական պարարտանյութերի կիրառման և թեմային վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Հենց այսպիսի ձեւաչափ էր ընտրել տիկին Սարուխանյանը՝ հմտորեն օգտագործելով իր հսկայական փորձը որպես ոլորտի միջազգայինորեն ճանաչված մասնագետ եւ մարդ, որի երկար տարիների ջանքերով հարյուրավոր հողագործներ դարձել են իսկական ֆերմերներ եւ հաջողության օրինակ ծառայել բազմաթիվ համայնքներում՝ Հայաստանով մեկ:
Օրգանական գյուղատնտեսության թեմայով 4-օրյա դասընթացի հաջորդ երկու հանդիպումները նույնպես տեղի կունենան համալսարանում, իսկ 4-րդը՝ մայիսի 27-ին, կանցկացվի Կանաչ արահետ ՀԿ-ի Ձորաղբյուրում գտնվող Ուսուցման կանաչ կենտրոնում, որը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության գործնական կրթության առաջատարն է։