Փոխշահավետ գործակցության հուշագիր Ա.Կ. Գրուպի հետ

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ա.Կ. Գրուպ («Տանիք Վայք» խումբ) ընկերության տնօրեն Արման Կոստանյանը գործակցության հուշագիր են ստորագրել:

Հուշագրի համար հիմք են ծառայել գիտական, կրթական եւ խորհրդատվական ուղղություններով համալսարանում ընթացող բարեփոխումները եւ նշված ընկերության՝ ոռոգման եւ ջրամատակարարման ոլորտներում իրականացվող նախագծային, շինարարարական աշխատանքների փորձը եւ զարգացման հեռանկարները: Փոխշահավետ գործակցությանը միտված հուշագրով կողմերը ստանձնում են ՀԱԱՀ-ի նորաստեղծ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունավետության բարելավման նպատակով ջրային եւ հողային պաշարների կառավարման, ոռոգման, մելիորացիայի, ջրամատակարարման ոլորտներում դաշտային տարաբնույթ ուսումնասիրությունների կատարման պարտավորություններ:

Նախատեսվում է նաեւ ընկերության կողմից իրականացվող արտադրության պայմաններում կազմակերպել ՀԱԱՀ ուսանողների արտադրական փորձուսուցումներ:

Իրենց հերթին համալսարանի լաբորատոր հնարավորությունները, ներառյալ Ջրային և հողային ռեսուրսների կառավարման կենտրոնը, կծառայեն ընկերության համար որպես փորձագիտական ուսումնասիրությունների հենակետ:

Թե´ պարոն Ուռուտյանը, թե´ պարոն Կոստանյանը բարձր գնահատեցին եւ շնորհակալություն հայտնեցին միմյանց եւ ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանին՝ ստեղծված հնարավորության համար: «Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում բացեր շատ կան: Մեր գործակցությունը կոչված է լրացնելու դրանք, մասնավորապես՝ մեր ուսանողների ու մագիստրանտների փորձուսուցման եւ կադրային համալրման միջոցով, քանի որ դինամիկ զարգանալով, ձեր ընկերությունը նոր կադրերի կարիք կունենա: Մենք մշտապես բաց ենք բազմակողմանի արդյունավետ համագործակցության համար եւ փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար պատրաստ ենք օգտագործել մեր գիտական ներուժը, ներառյալ Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման մեր նորաստեղծ կենտրոնի հնարավորությունները», – ասաց ՀԱԱՀ ռեկտորը:

«Ես շատ ուրախ եմ Ագրարային համալսարանի հետ գործակցային այս փաստաթուղթը ստորագրելու հնարավորության համար: Սակայն ստորագրված փաստաթղթից առավել ես գնահատում եմ գործնական աշխատանքի խոստումնալից հեռանկարը, որը միասին պետք է կատարենք: Մենք հաճույքով կընդունենք համալսարանի ուսանողներին մեր ընկերությունում որպես փորձնակներ, իսկ գիտական եւ հետազոտական տարատեսակ աշխատանքների առումով մենք մեծապես հենվելու ենք ՀԱԱՀ-ի գիտական ներուժի եւ տեխնոլոգիական նորացվող հնարավորությունների վրա», – նշեց Ա.Կ. Գրուպի տնօրեն Արման Կոստանյանը:

Պարոն Կոստանյանը ընկերության պատվիրակության մյուս անդամների հետ հաճույքով ծանոթացավ ՀԱԱՀ Հողային եւ ջրային ռեսուրսների տեխնոլոգիական հետազոտական կենտրոնին՝ պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի օգնությամբ: Կենտրոնը, որը ծառայելու է որպես վերոնշյալ հուշագրով նախատեսվող ծրագրերի իրականացման կարեւոր բազա, արդեն համալրված է համապատասխան սարքերով ու սարքավորումներով եւ գրեթե պատրաստ է շահագործման: Բացումը կլինի շուտով, անշուշտ Ա.Կ. Գրուպի մեր գործընկերների մասնակցությամբ: