Տարածաշրջանային ագրարային բուհերի հանդիպումը

Հուլիսի 13-ին կայացել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ագրարային համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման (CASCADE) տարածաշրջանային կոնսորցիումի հերթական, այս անգամ՝ հեռավար հանդիպումը։ Այն նվիրված էր ճիշտ 10 տարի առաջ հիմնադրված ընկերակցության հոբելյանին։ Հիշեցնենք, որ ԿԱՍԿԱԴ-ում ընդգրկված են Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի եւ Ադրբեջանի ագրարային առաջատար բուհերը։

ՀԱԱՀ-ի, որպես ԿԱՍԿԱԴ-ի լիիրավ անդամի կողմից հանդիպմանը մասնակցել են ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանն ու Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը։

Պարոն Համբարձումյանի փոխանցմամբ, իր ելույթում պրոռեկտոր Զաքոյանը ներկայացրել է ՀԱԱՀ զարգացման հեռանկարները, միջազգային հարթակում համալսարանի համագործակցության ուղղություններն ու միջազգային ծրագրերը եւ համալսարանի զարգացման տեսլականին առնչվող ակնկալիքները։

Հիմնական հոբելյանական ելույթներից հետո քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առընչվում էին կրթական, գիտական եւ խորհրդատվական ոլորտներում համագործակցության խթանմանը ԿԱՍԿԱԴ-ի շրջանակում։ Մասնակից բոլոր բուհերը ցանկություն են հայտնել էապես խորացնել միջբուհային համագործակցությունը, փաստարկելով, որ այդ ուղղությամբ կան լիարժեք, սակայն դեռեւս չօգտագործված ռեսուրսներ։ Մասնավորապես, որոշ բուհեր բավականին առաջընթաց են արձանագրել բուհերի համաշխարհային վարկանշավորման ցանկում, եւ նրանք ներկայացրեցին այն հիմնական գործողությունները (ժամանակակից լաբորատորիաների եւ հետազոտական կենտրոնների հիմնում, գրախոսվող ամսագրերում հոդվածների քանակի ավելացում, մասնակցություն միջազգային ծրագրերին եւ այլն), որոնց իրականացման շնորհիվ կարողացել են հասնել նման առաջընթացի։

Ընդամենը մի քանի ամիս առաջ ԿԱՍԿԱԴ-ի անդամները   հնարավորություն են ունեցել մասնակցելու QS WUR եւ դրա տարածաշրջանային QS EECA հարթակներում համալսարանների վարկանշավորմանը, որին մասնակցում էին նաեւ մեր համալսարանի ներկայացուցիչները։ CASCAD-ի գործող քարտուղար Ալիմ Պուլատովը մանրամասնորեն ներկայացրել է այն անելիքները, որոնք մոտակա տարիներին պետք է իրականացնեն կոնսորցիումի անդամ բուհերը՝ նպաստելով բոլոր բուհերի վարկանիշների բարձրացմանն ու բազմակողմանի համագործակցության հաստատմանը։ Դրանք են համատեղ գիտաժողովների կազմակերպումը, դասախոսների եւ ուսանողների շարժունությունը, համատեղ գիտական աշխատանքների իրականացումը եւ աշխատությունների տպագրությունը, բարձր վարկանիշներով ամսագրերում տպագրությունների քանակի ավելացումը եւ այլն։

Ի թիվս այլ հարցերի, բոլոր մասնակիցների ելույթներում կարմիր թելի նման անցել է հեռավար եւ առցանց դասընթացների մշակման եւ իրականացման անհրաժեշտությունը։ «Սա հասկանալի է, քանի որ բոլոր բուհերը բախվել են COVID-19-ի համավարակի հետեւանքով ստեղծված կրթական եւ գիտական սահմանափակումներին։ Ակնկալվում է, որ մասնակից բուհերը կակտիվացնեն այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քանի որ համավարակն այժմ կրթական համակարգի հիմնական մարտահրավերն է։ Ներկայիս սահմանափակումների պայմաններում բոլոր երկրներում պարենային անվտանգության եւ ապահովման հիմնախնդիրը մղվում է առաջնային պլան, իսկ այդ հարցում իրենց կարեւոր մասնակցությունն ունեն ագրարային բուհերը», – ասաց պարոն Համբարձումյանը։

Հավելենք, որ աշնանն ակնկալվում է ԿԱՍԿԱԴ-ի միջազգային գիտաժողովը։