ՀԱԱՀ-ի մասնագետները վերապատրաստեցին Լոռու մարզի անասնաբույժներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ Լոռու մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ «Լոռու մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում իրականացվեց մեկշաբաթյա դասընթաց, որը վարեցին ՀԱԱՀ-ի Համաճարակաբանության և մակաբուծաբանության, Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնների դոցենտներ Արթուր Մկրտչյանը, Վալերի Գրիգորյանը և Վրեժիկ Խոցանյանը:
Դասընթացավարները մարզի անասնաբույժներին փոխանցեցին տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ «Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները և կանխարգելման միջոցները», «Գյուղատնտեսական կենդանիների ինվազիոն հիվանդությունները և կանխարգելման միջոցները», «Անասնաբուժական ծառայությունների սպասարկման որակի բարձրացումը» և այլ թեմաների վերաբերյալ, ինչն, անշուշտ, կնպաստի Լոռու մարզում մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակի բարձրացմանը:
Վանաձորի մասնաճյուղի՝ տեխնիկական սարքավորումներով հագեցած լսարաններն էլ նպաստեցին, որ դասընթացն անցնի առավել հետաքրքիր ու արդյունավետ, հագեցած տպավորիչ գործնական առաջադրանքներով ու լաբորատոր փորձերով:
Նշենք, որ Լոռու մարզում ՀԱԱՀ-ի կողմից գյուղատնտեսության ոլորտի մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով իրականացվող միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: