Դավիթ Պիպոյանն է՝ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը: Սննդամթերք սպառողների սարսափը եւ արտադրողների հոգեառը: Լսում ես նրան (ի դեպ՝ միշտ մեծ հետաքրքրությամբ) ու գալիս ես միակ եզրակացության, որ ճիշտը չուտելն է… Բայց այդպես չի լինում: Ուրեմն հետեւողականորեն-բծախնդրորեն պետք է հոգանք առկա մարտահրավերները մեղմելու մասին:
Իսկ մարտահրավերները շատ են՝ մթերք արտադրող ձեռնարկությունների աշխատակիցների ձեռքերը լվանալուց մինչեւ պոչամբարներից սնուցվող ջրերով ոռոգում, կատաղի թունաքիմիկատներով աճեցված մրգեր, ծանր մետաղներով հագեցած կանաչեղեն, սննդամթերքի՝ դժվարություններով լի արտահանում եւ անխոչընդոտ ներմուծում:
Օրվա թեման էր՝ HAACP եւ դրա աուդիտը: Հետաքրքիր, մտապահվող օրինակները շատ, տեսանելի: Պիպոյանը ծանր խնդիրների մասին խոսում է երեւութական թեթեւությամբ, բայց այնպես, որ լսարանից դուրս գալուց հետո վերլուծելու ահռելի հումք ես ունենում:
Մինչ այդ, լսարանը փիլիսոփայական մտորումների տիրույթում է հայտնվում՝ ի վերջո, ի՞նչ է նշանակում հայաստանցի լինել: Ասել է, թե՝ օրենքները դժվար ընկալող, հեշտ շրջանցող մարդ, որի փաստարկը մեկն է՝ աչքից հեռու, մարդ (հատկապես՝ Դավիթը) չտեսնի, ինձ կարելի է:
Հատկանշական է, որ լսարանում ներկաներից շատերը դասավանդել են Դավթին, հիմա ուշիուշով վերապատրաստվում-լսում-տեղեկանում են նորությունների մասին: Ճիշտ է ասված. լավ աշակերտը պետք է գերազանցի ուսուցչին: Եւ սա, առաջին հերթին, ուսուցչի, բուհի հաղթանակն է: