Վարժարանի շնորհալիների ցուցահանդեսը ՀԱԱՀ թանգարանում

Ապրիլի 8-ին Ագրարային համալսարանի պատմության թանգարանում տեղի ունեցավ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի շնորհալի հինգ աշակերտների նկարների ցուցահանդեսը: Նախաձեռնությունը վարժարանինն էր, գաղափարը՝ ՀԱԱՀ-ի տնտեսական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանինը:

Ցուցադրությունը կազմակերպվեց թարգարանի տնօրեն Սյուզաննա Փիլոսյանի աջակցությամբ: Նախապատրաստական աշխատանքներին մեծ ոգեւորությամբ մասնակցել են նաեւ վարժարանի սաները: Թանգարանի տնօրենը զարմացած էր, որ այդքան շնորհալի սովորողներ կան վարժարանում: Նա նշեց, որ առաջին անգամ է այս ձեւաչափով ցուցահանդես կազմակերպվում եւ շնորհակալություն հայտնեց վարժարանի տնօրինությանը, երեխաներին:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջունեց նախաձեռնությունը, ուրախությամբ նշեց, որ աշխատանքները բավականին հետաքրքիր են եւ առաջարկեց ապագայում ավելի շատ գործեր լինելու դեպքում ցուցահանդեսներ կազմակերպել նաեւ այլ թանգարաններում: Նա նաեւ հիշեց, որ Գեղարվեստի ակադեմիայից եկած հյուրերը զարմացել էին, որ համալսարանի սրահներն ու միջանցքները զարդարված են գեղանկարներով եւ վստահեցրեց, որ նրանց զարմանքն էլ ավելի մեծ կլիներ, եթե ծանոթանային վարժարանի աշակերտների գործերին:

Պարոն Ուռուտյանը շնորհակալագրեր հանձնեց ցուցահանդեսի մասնակիցներին՝ Սոնա Առաքելյանին, Սյուզաննա Մովսիսյանին, Էմիլի Գյուլումյանին, Եսթեր Սահակյանին եւ Տիգրան Հովհաննիսյանին: Ի դեպ, կտավների հեղինակներն իրենք էին ներկայացնում իրենց աշխատանքները:

ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ ռեկտորին, նշելով, որ համալսարանի ղեկավարությունը աննկատ չի թողնում որեւէ նոր ու երիտասարդների ուսանողական կյանքը հետաքրքիր դարձնող գաղափար:

Ցուցահանդեսի այցելուներին զարմացրել էր նաեւ այն փաստը, որ պատերազմը եւ կորոնավիրուսային համավարակը չեն խեղաթյուրել երեխաների ներաշխարհը, եւ նրանց գործերում գերիշխում են վառ գույները: