Վախճանվել է Դերենիկ Սաֆարյանը

Կյանքի 97-րդ տարում վախճանվել է այգեգործ-ընտրասերումնաբան, ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող, ԳԳԹ Դերենիկ Սաֆարյանը։

Վաստակաշատ գիտնականը ծնվել է 1923թ․-ին, Երեւանում։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1963): Հայաստանի վաստակավոր ագրոնոմ (1980)։ Խաղողագործության եւ գինեգործության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (2006)։

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1950)։ 1951-ից աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Խաղողագործության, գինեգործության եւ պտղաբուծության ԳՀԻ-ում (այժմ ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն»), 1981-ից 2003-ին՝ խաղողի ագրոտեխնիկայի բաժնի վարիչ, 2003-ից՝ գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող։

Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի ագրոկենսաբանության, օրգանագոյացման առանձնահատկությունների հետազոտմանը։ Մշակել է խաղողի վազի էտի, ձեւավորման, կանաչ հատումների սկզբունքներ, վեգետատիվ բազմացման արդյունավետ եղանակներ, ցրտահարված, կարկտահարված այգիների արագ վերականգնման միջոցառումներ։ Հեղինակ եւ համահեղինակ է խաղողի 10 սորտի (Ամրահի, Արտաշատի 4 եւ 6, Կարմիր իծապտուկ եւ այլն)։ Հեղինակ եւ համահեղինակ է մասնագիտական մի շարք գրքերի։

Արժանացել է ՄԱԿ-ի ՊԳԿ-ի (2005), ՀԱԱՀ ոսկե (2013), ԳՆ ոսկե (2013), ՀՀ Անանիա Շիրակացի (2014) մեդալների։

Դերենիկ Սաֆարյանի անունն ու գործը հայրենի հողին ու ժողովրդին նվիրվածության հոմանիշն են։ Գործընկերները, ֆերմերային հանրությունը, ուսանողությունը, գյուղոլորտի քաղաքականություն մշակողներն ու ոլորտի զարգացմանն օժանդակող միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունները մշտապես շատ բարձր են գնահատել պարոն Սաֆարյանի գործնական ներդրումը, անմնացորդ նվիրումն ու մարդկային առինքնող հատկանիշները։ Գյուղացիության եւ լայն հանրության շրջանում հատկապես հիշարժան է կարկտահարությունից հետո խաղողի այգիների վերականգման գործում նրա մեծ ներդրումը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոնը, համալսարանի ամբողջ հանրույթը վշտակցում են վաստակաշատ գիտնականի ու գործչի հարազատներին ու մերձավորներին։ Դերենիկ Սաֆարյանի երկարամյա վաստակը ապահովել է նրա ուրույն տեղը մեր երախտավորների պայծառ փաղանգում։

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ մարտի 30-ին, ժ․ 18։00-ին, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի հարեւանությամբ գտնվող սգո սրահում։