Հունիսի 5-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ համայնքում կազմակերպվել էր «Ինտեգրացված պայքար խաղողի վազի վնասակար օրգանիզմների դեմ (ՎԴԻՊ)» թեմայով աշխատաժողով/գործնական ուսուցում:
Աշխատաժողովն իրականացվում էր ՄԱԿ-ի ՊԳԿ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մի շարք կառույցների՝ Զարգացման ծրագրի, Արդյունաբերական զարգացման կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Մանկական հիմնադրամի, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից եւ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամից:
Աշխատաժողովին մասնակցում էին մարզի շուրջ 40 խաղողագործ ֆերմերներ՝ Տավուշ, Բերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Վարագավան համայնքներից, ինչպես նաեւ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի շրջանակում, ՄԱԿ-ի ՊԳԿ բույսերի պաշտպանության հարցերով ազգային փորձագետ, ՀԱԱՀ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը Տավուշ գյուղական համայնքի համայնքային կենտրոնում նախ ներկայացրեց «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարի սկզբունքները», այնուհետեւ՝ «Խաղողի վազի վնասակար օրգանիզմները եւ ՎԴԻՊ-ը խաղողի այգում» թեմաներով զեկուցումները: Տիկին Ավագյանը ներկայացրեց նաեւ ծրագրի շրջանակում հրատարակված «Խաղողի վազի վնասակար օրգանիզմները եւ դրանց դեմ պայքարի ինտեգրացված միջոցառումները» վերնագրով գրքույկը, իսկ գրքույկի օրինակները բաժանվեցին խաղողագործ-ֆերմերներին:
Զեկուցումներից հետո ազգային փորձագետին տրվեցին բազմաթիվ հարցեր, տեղի ունեցավ ակտիվ քննարկում, ընդ որում տավուշցի ֆերմերները հարցերի համար հաճույքով օգտագործեցին նաեւ իրենց եւ բանախոսի ընդմիջման ժամը:
Ուսուցման գործնական մասն անցկացվեց ֆերմեր Վոլոդյա Մաչկալյանի խաղողի այգում: Տեղում իրականացվեց ՎԴԻՊ սկզբունքներով խաղողի մշակության խնդիրների բացահայտում, քննարկում, առաջարկվեցին լուծման տարբերակներ: