Շարունակվում են ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի եւ ՈՒԳԸ-ի նախաձեռնած (որոնց որպես կանոն աջակցում են համալսարանական կառույցի անդամները) տնտեսագիտական գրագիտության սերմանման նպատակով կազմակերպվող հանդիպումները: Այսօր՝ ապրիլի 9-ին, հյուրընկալել էինք Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, արտասահմանյան հեղինակավոր բուհում թեզ իրականացրած եւ հաջողությամբ պաշտպանած Գոհար Մկոյանին եւ շրջանավարտների՝ արդեն կայացած ձեռներեցների: Ի դեպ, հանդիպման ընթացքում պարզվեց, որ երեքից երկուսը մեր բուհի շրջանավարտ են, երրորդն էլ անմիջական կապ ունի:
Արարատը, տիկնայք՝ Ռուզաննան եւ Անահիտը գյուղատնտեսական ծրագրեր են իրականացնում, որոնք քայլ առ քայլ պետք է նպաստեն, որ սահմանամերձ գյուղերից կանխվի երիտասարդների արտահոսքը, հետո համառորեն փոխվի այդ համայնքների (համապատասխանաբար՝ Արաքսավան, Շվանիձոր, Աղավնատուն) սոցիալական/ընկերային նկարագիրը: Ի վերջո, իսկապես, ցանկության ու երեւակայության դեպքում մեր որեւէ բնակավայր կարող է դրախտավայր դառնալ: Ինչպես նկատեց Արարատը՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար առաջին հերթին ադրենալին է անհրաժեշտ:
Սոցիալական ձեռներեցության գաղափարախոսության հիմքում էկոմտածողությունն է՝ միտված դեպի մարդը: Մարդակենտրոն է: Էականն այն է, որ դպրոցը հիմնողների եւ դպրոցում սովորողների նպատակներն ու երազանքները համընկնում են: Աշխարհը հարափոփոխ է եւ միշտ նոր, թարմ, կաղապարից դուրս ծրագրերի կարիք կա: Անգամ՝ պակաս կա:
Շատ էական մի հանգամանք. Արցախյան պատերազմի ամենադժնդակ օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 15-ին, դպրոցը նախաձեռնեց կարեւոր մի ծրագիր՝ Արցախի շենացումը սկսվում է համայնքներից: Եւ այսօր շահառուներից շատերը գտել են տնտեսական դժվարին կացությունից դուրս գալու ելքը:
Հանդիպմանը ներկա էին պրոռեկտորներ Մարիամ Մովսիսյանը եւ Կարեն Մինասյանը, որոնք համագործակցության, խելք-խելքի տալու, մեր երիտասարդներին ներգրավելու միջոցով՝ հրաշալի նախաձեռնությունները իրողություն դարձնելու ուղիներ էին առաջարկում հյուրերին: Իրապես, ինչ գյուղատնտեսական ծրագիր առանց Ագրարային համալսարանի: Իսկ այստեղ ադրենալինի պակաս հաստատ չկա: