Ագրարային համալսարանում մայիսյան հաղթանակներին նվիրված միջացառումներն ավանդաբար սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ պայքարում ընկած ագրարայինցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ Այս տարի համավարակով պայմանավորված իրավիճակը մեզ հարկադրում է զերծ մնալ զանգվածային միջոցառումներից։ Սակայն դրանից չի խամրում 1945թ. տարած մեծ հաղթանակի, 1992թ. մայիսի 8-ին Շուշիի դարակազմիկ ազատագրման, Արցախի Պաշտպանության փառապանծ բանակի հիմնադրման (1992թ. մայիսի 5) եռատոնի խորհուրդն ու ուղերձը՝ միտված հայ ժողովրդի ապագային։
Երկրորդ աշխարհամարտում մեր ժողովուրդը փառքով է պսակել իր անունը՝ շնորհիվ 600 հազար զինվորների ու սպաների հերոսականության, նվիրվածության ու պատերազմելու ու հաղթելու յուրահատուկ տաղանդի։ Նրանց մեջ բազմաթիվ ագրարայինցիներ կային։ Մեր համալսարանի ուսանողները, դասախոսներն ու շրջանավարտները երկրորդ անգամ ստիպված էին լսարանները, դաշտ ու այգիները պատերազմի «օրակարգով» փոխարինել Արցախյան ազատամարտի տարիներին։ Երկու դեպքում էլ նրանք փառքով են դրել սուրը պատյան եւ վերադարձել լսարաններ, դաշտ ու այգիներ։ Ցավոք, շատերի փոխարեն էլ իրենց անունն ու գործն են վերադարձել եւ օրինակ են ծառայում ագրարայինցիների հաջորդ սերունդների համար։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ հաղթական մայիսի այս գեղեցիկ ու խորհրդանշական օրը։ Իմ հիմնական ցանկությունը խաղաղությունն է, թող հարատեւի թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը, թող խաղաղ լինի ձեր բոլորի աշխատանքային ու ընտանեկան առօրյան։ Խաղաղությունն է այն ստեղծագործ աշխատանքի գրավականը, որին մենք միասին լծվել ենք, լինի դա գյուղում, լսարանում, գործարանում, թե լաբորատորիայում։
Պատվելով մեր մեծերի՝ Ագրարային համալսարանի նախորդ սերունդների վաստակն ու հաղթական ոգին, շարունակենք կերտել խաղաղությունը եւ ստեղծագործ աշխատանքով շարունակենք հարթել նոր սերնդի անցնելիք ուղին, սերունդ, որ երկիրը հասցնելու է ավելի հզոր հանգրվանի։
Շնորհավոր հաղթական մայիս։ Մեր հաղթանակները կրթության եւ աշխատանքի ոլորտում համարժեք են լինելու մեր ժողովրդի ռազմական փառքին։