Ռեկտորատի նոյեմբերյան նիստ՝ հերթական բաց քննարկում

Ռեկտորատի հերթական նիստը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 2-ին, Zoom հարթակով։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստի վարումը սկսեց՝ Ագրարայինի հանրույթի անունից ցավակցություն հայտնելով համալսարանի՝ Արցախում զոհված ուսանողների ընտանիքներին, ինչպես նաև մեր աշխատակիցներին, ում զավակները զոհվել են Արցախյան հայրենական պատերազմում։ Կորստի ցավը բոլորինս է։

Ըստ օրակարգի, քննարկվեցին 2020-2021 ուստարվա ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխմանը, 2019-2020 ուստարվա առարկայական և ֆինանսական պարտքերի հանձնման արդյունքների ամփոփմանը եւ 2020-2021   ուստարվա   առաջին   կիսամյակի ուսման վարձավճարների զեղչերին առնչվող հարցեր։

Քննարկումից պարզ դարձավ, որ ֆակուլտետներում կան շրջափոխման նախատեսված տեղերի չհամալրման դեպքեր։ Ունենք ուսանողներ, որոնք անվճար համակարգից դուրս են մնացել, իսկ զեղչի համար ժամանակին դիմում չեն գրել։ Առարկայական եւ/կամ վարձավճարների պարտքեր ունեցող ուսանողների դեպքերի մանրամասն քննարկումից հետո որոշվեց որոշ դեպքերում (մասնավորապես ռազմաճակատում եւ զորավարժությունների մեջ գտնվող ուսանողների առումով) առկախել հարցը, իսկ առհասարակ կայացվեցին  արդարացի որոշումներ, համենայնդեպս՝ որպես առաջնային սկզբունք հիմնվելով առաջադիմության վրա։

Ռեկտորատը պահպանում է ուսանողակենտրոնության սկզբունքները՝ բոլոր պարագաներում հաշվի առնելով նախեւառաջ կոնկրետ ուսանողի շահը, անշուշտ՝ եթե այդ շահը չի հակասում մյուս ուսանողների եւ համալսարանի ընդհանրական կրթական շահերին ու հեղինակությանը։ Այս առումով, ռեկտորատը առանց կաշկանդվելու որոշում կայացրեց այլեւս հնարավորություն չտալ այն ուսանողներին, որոնք ոչ միայն ունեն կրեդիտային ու ֆինանսական պարտքեր, այլեւ ակնհայտորեն ցանկություն չունեն սովորելու։

Ռեկտորատը փոխհամաձայնություն դրսեւորեց նաեւ 20-ից մինչեւ 50 տոկոս զեղչերի տրամադրման հարցի քննարկման ժամանակ․ առաջնային սկզբունքը, դարձյալ, առաջադիմության վրա հիմնվելն է, որից հետո արդեն, այլ հավասար պայմաններում, կկիրառվեն օրենսդրորեն եւ համալսարանի գործելակերպում ամրագրված որոշակի արտոնություններ առանձին կատեգորիաների ուսանողների նկատմամբ։

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեց եւ համապատասխան որոշման տեսք ստացավ պատերազմական եւ համավարակային իրավիճակով պայմանավորված՝ փորձուսուցումների ժամկետների փոփոխության հարցը։ Ռեկտոր Ուռուտյանը եւ պրոռեկտոր Մակարյանը բարձրաձայնեցին ֆինանսական պարտքի առկայության պայմաններում քննաշրջանն ավարտելու դեպքերը՝ դրանք համարելով անթույլատրելի թերացում եւ հրահանգելով հետեւողականորեն պահպանել ուսանողներին հավասար հնարավորություններ ու պայմաններ տալու՝ Ագրարային համալսարանի սկզբունքը։

Խոսելով հեռավար ուսուցման արդյունավետության մասին, պարոն Ուռուտյանը նկատեց, որ եղած դրական փորձին զուգահեռ ունենք նաեւ ոչ այնքան արդյունավետ փորձ, մասնավորապես՝ որոշ դասախոսներ չեն օգտագործում դիդակտիկ նյութեր, կան ուսանողների՝ դասերից անհարկի բացակայությունների անթույլատրելի դեպքեր, նաեւ՝ որոշ դասախոսների փոխարեն ուսանողների կողմից դասերի վարման «արատավոր գործելակերպ»։  Պարոն Մակարյանն էլ անթույլատրելի համարեց մեկ այլ «նորօրյա» գործելակերպ, երբ առանց համապատասխան դեկանատին կամ Ուսումնական գործընթացի վարչությանը տեղյակ պահելու, դասախոսը դասը տեղափոխում է երեկոյան ժամեր կամ հաջորդ օրը, որը, ի թիվս այլ անցանկալի իրավիճակների, դժվարություններ է ստեղծում նաեւ դասերի մշտադիտարկման առումով։

Ավարտելով ռեկտորատի նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը առողջություն մաղթեց գործընկերներին, իսկ Հայոց բանակին ու ժողովրդին՝ շուտափույթ հաղթանակ եւ խաղաղություն։