Ռեկտորատի նիստ․ ամփոփվեցին կրթության համաշխարհային պատմության մեջ աննախադեպ քննաշրջանի արդյունքները

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց հորդորով. «Համաճարակի հետեւանքները ավելի ցավոտ են դառնում: Զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Զգույշ եւ ուշադիր լինենք: Անվերապահորեն եւ հստակ կատարենք պարետատան բոլոր որոշումները»: Ռեկտորատի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրեն Վասիլյանի եւ Էդուարդ Կոսեմյանի հիշատակը։

Ֆակուլտետների դեկանները, հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները ներկայացրին քննաշրջանի ընդհանուր պատկերը՝ ակադեմիական եւ վարձավճարի պարտքերի մարման դինամիկան: Շեշտենք, որ առցանց քննությունների ընթացքում եւ բակալավրիատում, եւ մագիստրատուրայում տեխնիկական պատճառներով խնդիրներ չեն առաջացել: Կային հատուկ դեպքեր (օրինակ՝ Էրազմուս փոխանակման ծրագրին մասնակցող ուսանողների մոդուլները), որոնք առանձին դիտարկման կարիք ունեին եւ դիտարկվեցին:

Ընդունելության առաջին փուլի արդյունքները ներկայացրեց ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը: 250 դիմորդից շեմը հաղթահարել է ընդամենը 82 հոգի: Արդյունքները գոհացնող չեն եւ ակնհայտ ազդել են հաստիքացուցակի եւ ծանրաբեռնվածության վրա:

Ցավոք, թափուր են մնացել երկրի տնտեսության համար այնպիսի կարեւոր մասնագիտությունների անվճար տեղեր, ինչպիսիք են կենսագործունեության անվտանգություն, հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում եւ հիդրոտեխնիկական կառուցվածքներ, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում: Մագիստրատուրայի 67 անվճար տեղից համալրվել է 62-ը, ասպիրանտուրայի՝ յոթից վեցը: Սակայն, երկրորդ փուլով համալրման, հեռակա համակարգում ընդունելության հուսադրող սպասելիքներ կան:

Ագրարայինի 90-ամյակի հանդիսությունների նախապատրաստական աշխատանքները ներկայացրեց ուսումնական հարցերով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը: Ծրագիրը, ժամանակացույցն ու պատասխանատուներն արդեն հստակեցված են: Մասնավորապես, աշնանը առցանց ձեւաչափով միջազգային գիտաժողով կհրավիրվի, նաեւ ուսանողական գիտական նստաշրջան: Կպատրաստվեն հուշանվերներ, կտպագրվեն տեղեկատվական թերթոններ, քաղաքում կտեղադրվեն պաստառներ, բուհի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի: Կկազմակերպվեն գինու շնորհանդես, ծառատունկ (խորհրդանշական 90 ծառ կտնկվի), ավտոերթ դեպի Շուշի: Լեռնագնացության երթուղին կավարտվի Արագածի գագաթին ՀԱԱՀ դրոշի տեղադրումով: