Պատանի քիմիկոսների 11֊րդ համահայկական մրցաշարը, որը նախաձեռնել էր «Այբ» կրթական հիմնադրամը, հետապնդում էր քիմիկոսների բոլոր սերունդներին միավորելու եւ մասնագիտական հանրության ներսում կապերի ամրապնդման նպատակ: Նման կապերի ջատագովության ու դրանց ուղղությամբ կոնկրետ ջանքեր գործադրելու առումով հայտնի է մեր համալսարանի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը: Եւ ինքն էլ նկատում է, որ ընդհանուր առմամբ քիմիայի նկատմամբ չարդարացված անտարբերությունը վերջին տարիներին կարծեք թե տեղի է տալիս եւ քիմիայի անփոխարինելի դերը աստիճանաբար հասանելի է դառնում բոլորին՝ դպրոցականից մինչեւ երկրի տնտեսության ու պաշտպանունակության համար պատասխանատու այրերը:
Մրցույթի փորձարարական աշխատանքների բաղադրիչը իրականացվել է մեր համալսարանի՝ պրոֆեսոր Քամալյանի ղեկավարած Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի գիտահետազոտական լաբորատորիայում: Պարոն Քամալյանը նաեւ հատուկ մրցանակ էր նախատեսել մրցաշարի հաղթող թիմի համար, իսկ 25 թիմերի մեջ հաղթողը Արցախի Մարտունու «Մոնթեաբերդ» թիմի պատանի քիմիկոսներն էին՝ իրենց ղեկավար Կարինե Պողոսյանի գլխավորությամբ: Պրոֆեսոր Քամալյանը արցախցի պատանիներին նվիրեց Յուրի Հովհաննիսյանի մակագրությամբ քիմիական տարրերի պարբերական աղյուսակը: Մեր հայտնի հայրենակցի պատվին անվանակոչված է Օգանեսոն Og-18 տարրը:
Արցախցի պատանիներն իրենց փայլուն հաղթանակը տոնեցին մայսիսի 9-ին եւ նվիրեցին Արցախի անմահ հերոսներին ու Արցախի ապագային:
Մրցաշարից հետո պրոֆեսոր Քամալյանը հաղթող թիմին հրավիրեց Ագրարային համալսարան՝ իր լաբորատորիա, որտեղ երեխաները հետաքրքրությամբ ծանոթացան իրականացվող փորձերին ու գործնական ուսուցման թեմաներին: Երեխաները նաեւ այցելեցին համալսարանի հարակից այգում գտնվող աստղադիտարան: Իսկ հագեցած օրն ավարտվեց պարոն Քամալյանի հրավերով՝ նրա հարազատ բնօրրանից եկած երեխաների հետ ճաշկերույթի եւ անկաշկանդ զրույցի սեղանի շուրջ: