Պետք է առջեւում լինել` դասական մեթոդները կատարելագործելով

Այսօր, մարտի 30-ին տեղի ունեցավ առցանց սեմինար, որին մասնակցում էր ռուսաստանյան առաջատար՝ «Кравт-В» ընկերության տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հովհաննես Պետրոսյանը: Թեման էր՝ «Կեղտաջրերի մաքրում, մաքրման կայաններ, ջրի որակական ցուցանիշներ եւ անալիզ»: Հանդիպումը համակարգում էր հիշյալ ընկերության հայաստանյան գրասենյակի առեւտրային տնօրեն Մարիամ Մուրադյանը:
Ռուսաստանաբանակ մեր հայրենակիցը նախ ներկայացրեց իր ղեկավարած արտադրական ձեռնարկության ուղղվածությունն ու ծավալները: Արտադրում են ջրամատակարարաման ոլորտի համար նախատեսված 160 մոդիֆիկացված՝ վերահսկող, ավտոմատ կառավարվող համակարգեր: Բացի ՌԴ-ից, արտադրանքը իրացվում է Տաջիկստանում, Ղազախստանում, Մոլդովայում: «Փորձը ցույց է տալիս, որ միշտ պետք է հենվել դասակա´ն մեթոդների վրա: Այսօր շատերը փորձում են կիրառել ժամանակակից միջոցներ՝ նանոտեխնոլոգիաներ, ուլտրաձայն: Դրանք գայթակղիչ են թվում: Սակայն, պետք է առաջինը լինել՝ դասական մեթոդները կատարելագործելով», – ասաց պարոն Պետրոսյանը:
Հանդիպման ժամանակ տեխնիկական կարճատեւ պարապուրդ եղավ, որի ընթացքում մեր մասնագետները բուռն քննարկում, բանավիճում էին ներկայացվող հարցերի շուրջ: Կապի վերականգնումից հետո ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին:
Հանդիպման ավարտին Հովհաննես Պետրոսյանը հավաստիացրեց, որ ապրիլի երկրորդ տասնօրյակում կայցելի Հայաստան: Այս ընթացքում մեր մասնագետները կհստակեցնեն հարցերի շրջանակը, որոնք կդիտարկվեն ավելի գործնական հարթակում: