Ուսում եւ գիտություն՝ էտից մինչեւ շշալցում. Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը մեկ տարեկան է

Լրացավ ՀԱԱՀ-ի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի հիմնադրման մեկ տարին: Կենտրոնը, որը ներառում է համալսարանի գինեգործարանը եւ ICARE հիմնադրամի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի միկրոգինեգործության ուսումնական կենտրոնը՝ ՀԱԱՀ-ի և Գինու ակադեմիայի ուսանողների համար հասցրել է դառնալ արտադրական պայմաններում գործնական հմտություններ յուրացնելու և հետազոտություններ կատարելու լավագույն վայրը:

Մեկ տարվա ընթացքում կենտրոնը կարողացել է գինեսեր հանրության դատին հանձնել Արենի եւ Հաղթանակ սորտերի խաղողից պատրաստված կարմիր անապակ եւ կարմիր անապակ հնացված բարձրորակ գինիները՝ 2018թ.-ի անդրանիկ այգեկութից: Ուսանողների հոգատար ու արագ վարպետացող ձեռքերով պատրաստված գինու առաջին խմբաքանակները նվիրաբերվել են Երեւանի պետական համալսարանին՝ վերջինիս հիմնադրման 100-ամյակի առթիվ, Հայաստանում ԱՄՆ դեսպանին՝ վերջերս համալսարան կատարած իր այցի ժամանակ եւ այլ հիշարժան առիթներով: Այս ձմեռ սպասվում է մեր գինիների մուտքը հայաստանյան շուկա:

Այս տարի մթերվել է Հաղթանակ և Կանգուն սորտերի խաղող ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ի խաղողի այգիներից, ինչպես նաև Ոսկեհատ և Արենի խաղողի սորտեր Վայոց Ձորից։ Խաղողի որակի վերահսկում կատարվել է ինչպես ամբողջ բերքահավաքի ընթացքում, այնպես էլ գործարանում։

Կենտրոնը ՀԱԱՀ-ի ուսանողների համար ծառայում է որպես խաղողի տեղածին սորտերի ուսումնասիրության, ուսումնաարտադրական փորձուսուցումների, ինչպես նաեւ ուսումնաճանաչողական այցելությունների լավագույն վայր: Այստեղ հաճույքով են գալիս ոչ միայն ապագա գինեգործները, գյուղատնտեսական այլ մասնագիտությունների ուսանողները, այլեւ վարժարանի սաները:

Այս պահին կենտրոնի մասնագետների ղեկավարությամբ Ագրարային համալսարանի երեք մագիստրանտներ իրենց հետազոտություններն են իրականացնում կենտրոնում: Արված հետազոտությունների արդյունքները շուտով կտպագրվեն միջազգային գիտական պարբերականներում:

Կենտրոնն, ըստ էության, գործարկվել է ՀԱԱՀ-ի և Գինու ակադեմիայի լավագույն շրջանավարտների ուժերով. նրանցից երեքն էլ այսօր այնտեղ աշխատում եւ արարում են՝ Արտակ Գաբրիելյանը (տնօրեն), Սյուզի Մոսիկյանը, Ազատ Ներսիսյանը: Կենտրոնի ստեղծմանն աջակցած գործընկերները՝ Համաշխարհային Բանկը, ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (PSD TVET) ծրագիրը, այսօր մեզ հետ միասին առիթ ունեն հպարտանալու երիտասարդ ու նվիրյալ պրոֆեսիոնալների այս փոքրիկ, բայց մեծագործ թիմի աշխատանքով:

Կենտրոնը շարունակում է իր գործակցությունը GIZ-ի հետ. 2019 թվականի սեպտեմբերից այդ գործակցության շրջանակում կենտրոնն իրականացնում է սիրիահայերի ինտեգրման ծրագիր՝ գինեգործական ծառայություններ մատուցելով ծրագրի մասնակիցներին: Կենտրոնը գործակցում է տեղական եւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների հետ՝ իր հերթին բարձրացնելով Ագրարային համալսարանի վարկանիշը, ըստ ամենայնի աջակցելով բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, զարգացնելով գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչը եւ ինչու ոչ՝ ապահովելով ինքնաֆինանսավորումը:

ՀԱԱՀ-ի Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը մեր երկրում գինեգործական արդիական կրթության, խաղողագործության եւ գինեգործության ներուժի զարգացման այսօրվա եւ վաղվա հենարաններից մեկն է: