Այգեգործական միջոցառումների համար ամենաբուռն ժամանակահատվածը գարունն է: Չնայած COVID-19-ի հետ կապված բազմաթիվ սահմանափակումներին և խնդիրներին՝ մեր երկրում այգեգործության ոլորտը կաթվածահար չէ և գործընթացները հիմնականում շարունակվում են իրենց բնականոն հունով:
ՀԱԱՀ-ի «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն անմասն չէ ընդհանուր գործընթացից: Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնում գարնանային աշխատանքներն ընթանում են գրեթե բնականոն հունով, կենտրոնի տնօրեն Արտակ Գաբրիելյանի հավաստմամբ, «Ոսկեհատ» ՈՒՓՏ-ին պատկանող 12 հա խաղողի այգիներում աշխատանքները եռում են, իհարկե՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները:
«Համաձայն տնտեսությունում ընդունված քաղաքականության, այգիները շարունակում ենք մշակել բարձր որակի նպատակադրումով և ոչ քանակի: Բոլոր աշխատակիցները պատշաճ կերպով հրահանգավորվել են, իսկ ղեկավար անձնակազմը փորձում է աշխատանքները կազմակերպել այնպես, որ առավելագույնս պահպանվի աշխատակիցների սոցիալական հեռավորությունը», – ասում է պարոն Գաբրիելյանը:
Ստեղծված արտակարգ իրավիճակում «Ոսկեհատ» ՈՒՓՏ-ում դադարացված են ուսանողների գործնական պարապունքները: Սակայն պետք է նշենք, որ ուսանողների մեծ մասը, մասնավորապես Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ուսանողները, հասցրել էին մասնակցել փետրվարի վերջին կազմակերպված գործնական պարապունքներին, որոնք ներառում էին գարնանը իրականացվող հիմնական աշխատանքները՝ այգեբաց, էտ, չոր կապ և այլն:
Արտակ Գաբրիելյանը հուսով է, որ աշխատանքները կշարունակվեն նույն հունով և շուտով կունենանք առաջին առեւտրային գինին, իսկ աշնանը՝ բարձրորակ խաղող՝ հետագա «գլուխգործոցների» համար: