Նոր որակ եւ ժամանակակից մոտեցումներ․ արմատապես թարմացվեց վարժարանի նյութատեխնիկական հիմքը

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին լուրջ խնդիրներ կան բնագիտական առարկաների նյութատեխնիկական բազայի ապահովվածության եւ թարմացման հարցում: Չի բացառվում, որ հին, բարոյապես ու ֆիզիկապես մաշված լաբորատոր սարքավորումները եւս բացասական դեր խաղացին եւ մարեց պատանիների հետաքրքրվածությունը այս ոլորտների, մասնագիտությունների նկատմամբ: Մինչդեռ, դրանք ռազմավարական նշանակություն ունեն որեւէ երկրի տնտեսության կյանքում:

Այս շատ կարեւոր խնդիրը լուծելու նպատակով ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի նախաձեռնությամբ բարելավվեց, լավարկվեց երկրի մի շարք ավագ դպրոցների լաբորատոր սարքավորումներով զինվածությունը: Ներկայացվող ծրագրում ընդգրկված էր նաեւ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը: Բուհի ղեկավարության նախաձեռնությամբ նախապես հիմնանորոգվել, պատշաճ վիճակի էին բերվել դասասենյակները, որտեղ տեղակայվելու էին լաբորատորիաները:

Աշակերտների երկար սպասած պահը երեկ էր, մարտի 18-ին, երբ հանդիսավորությամբ բացվեցին քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատորիաները, որոնց դերը մեր բուհի կյանքում դժվար է գերագնահատել: Ագրարայինի համար հատկապես «պրոֆիլային», հիմնարար նշանակություն ունեն դրանք:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երախտիքի խոսք հայտնեց բոլորին, որոնց ջանքերով կյանքի կոչվեց ծրագիրը եւ շնորհակալագիր հանձնեց ԾԻԳ-ի ներկայացուցիչներին:

Համոզված ենք, այս արմատական փոփոխությունը նոր որակ կբերի, մեծ դեր կունենա պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշման, բուհի անսխալ ընտրության հարցում:

Հույս ունենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի, որը ծառայել եւ ծառայելու է հանրակրթության մակարդակի հարաճուն բարելավմանը: