Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ագրոէկոնոմիկա եւ սննդարդյունաբերության էկոնոմիկա» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Արսեն Եղոյանը ուսումնառության առաջին կիսամյակն ավարտելուց հետո՝ 2020թ. հունվարին համալրել էր Հայկական բանակի շարքերը: Արցախ ծառայության էր գնացել ուսումնական զորամասից հետո: 19 տարին լրացել էր օգոստոսին…
Ծնունդով Ջավախքի բուղաշենցի Արսենը ընտանիքի հետ տարիներ առաջ տեղափոխվել էր Քանաքեռավան: ՀԱԱՀ Ավտոտրակտորների եւ գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամայիս Եսոյանը մոտիկից գիտեր Արսենին, որն առաջնագծում ծառայող իր որդու մտերիմ ընկերն էր:
«Բանակում ծառայությունից առաջ Արսենը եղբոր հետ օգնում էր ծնողներին, նրանք մի քանի հեկտար տարածքով այգիներ ունեն, որոնց մշակման եւ բերքի իրացման հարցում Արսենը հոր՝ բարձրակարգ գյուղատնտես Մերուժան Եղոյանի աջ թեւն էր: Շատ ակտիվ էր, աշխույժ, աշխատասեր, կամային որակներով օժտված, ընտանիքին ու ծնողներին նվիրված, հումորով: Այս ընտանիքը ճակատի հալալ քրտինքով է վաստակում իր ապրուստը, իսկ Արսենը ընտանիքի արժանավոր զավակն էր, որ ոչ միայն չէր խորշում, այլեւ անտրտունջ, մեծավարի ու բարձր տրամադրությամբ էր անում բոլոր գործերը՝ այգում մշակման աշխատանքներից մինչեւ բերքը շուկա հասցնելն ու իրացնելը: Ի դեպ, նաեւ լավ վարորդ էր: Հայրն ասում էր՝ հիմա արդեն ես եմ Արսենիս օգնում, ոչ թե նա ինձ: Առհասարակ ձգտում ու հասնում էր իր ուզածին, անշեղորեն գնում էր դեպի իր նպատակը, ժամանակից առաջ էր ընկնում, միշտ առաջին պլանում էր»,- պատմում է պարոն Եսոյանը:
Ահա անշեղ եղավ նաեւ Արսեն Եղոյանի ընթացքը դեպի Հայրենիքի սահման եւ դեպի հերոսացում, ցավոք եւ ի պարծանք մեզ բոլորիս՝ նաեւ դեպի Եռաբլուր պանթեոն, որտեղ նրան վերջին հրաժեշտն են տվել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը, Արսենի համակուրսեցիները:
Ահա մի անարդար կերպով ընդհատված գեղեցիկ կենսագրություն, որ, սակայն, դեռ այնքան ասելիք ունի Ագրարային համալսարանի եւ առհասարակ հայության գալիք սերունդներին: