Նա մի զարկն էր մեր կռվի․ նորօրյա հերոս՝ Նորայր Արտեմյան

ՀԱԱՀ Կենսագործունեության անվտանգության ամբիոնը խորը վշտով հայտնում է, որ Արցախյան հայրենական պատերազմում, իր անունը փառքի լուսապսակով հավերժացնելով՝ զոհվել է Նորայր Արտեմյանը՝ ՀԱԱՀ Կենսագործունեության ամբիոնի դոցենտ Ռոբերտ Արտեմյանի եւ ՀԱԱՀ Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի աշխատակից Աննա Ստեփանյանի 19-ամյա որդին։

Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուտետի առաջին կուրսի ուսանող Նորայրը Հայոց բանակում իր ծառայությունը սկսել էր 2020թ․ հունվարին։ Ուսմանը զուգահեռ զբաղվում էր ֆուտբոլով, բավականին հաջողություններ ուներ։ Գեղեցիկ, խելացի, ուժեղ ու պայծառ պատանին հազարումի երազանք ու պլան ուներ, բայց նա կատարեց առավելագույնը՝ Հայրենիքի փրկության գործին ի սպաս դրեց սեփական կյանքը։ Նորայրը նրանցից էր, ում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անվանում է առաջնագծի ու մեր պատերազմի աստվածներ՝ հրետանավոր էր։

ՀԱԱՀ ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը խորապես ցավակցում են մեր սիրելի գործընկերներին՝ Նորայրի ծնողներին եւ նրա հարազատներին։ Անմահների երկնային գումարտակում Նորայրն ու մյուս հզոր ու խոնարհ հերոսները դեռ շատ ասելիք ունեն հայի նոր սերունդներին։ Նաեւ հանուն Նորայրի՝ հաղթելու´ ենք։