ՀԱԱՀ ԲՄՎՏ ամբիոնի դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, դասախոս Ստելլա Հովսեփյանը եւ ԱՄՎՏ ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանը մեր համալսարանը ներկայացրել են հոկտեմբերի 21–ին Կ․Գ․ Ռազումովսկու անվան Մոսկվայի տեխնոլագիաների եւ կառավարման պետական համալսարանի նախաձեռնությամբ տեղի հոկտեմբերի 21-ին կայացած միջազգային գիտա-գործնական խորհրդաժողովում: «Սննդային կենսատեխնոլագիաներ․ Արդյունաբերություն 4․0-ի համար կադրերի պատրաստման նորարարական լուծումներ» խորագրով խորհրդաժողովին մասնակցում էին ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ՌԴ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձինք, ոլորտի՝ 15 երկրների ներկայացուցիչներ։
Գիտաժողովի նպատակն էր բջջային տեխնոլոգիաների, գենային ինժեներիայի, նաեւ կենդանական եւ բուսական ծագման մթերքների արտադրությունում նոր որակական բնութագրերի, բաղադրագրերի, էներգախնայող մոտեցումների ուղիների քննարկումն ու մշակումը։
ՀԱԱՀ-ի ներկայացուցիչները նախ փաստել են, որ չնայած ՀՀ-ում առկա ռազմական դրությանը, ինչպես նաեւ ՀԱԱՀ-ից ուսանողների ցավալի կորուստներին, համալսարանի մասնագետները պատրաստ են զբաղվել գիտական աշխատանքներով եւ բարելավել հայրենիքի պարենային ռեսուրսների ապահովվածությունն ու թիկունք կանգնել մեր հայրենիքի պաշտպաններին։
Տիկին Հովհաննիսյանի զեկուցած աշխատանքը վերաբերում էր երկրորդային հումքատեսակների կիրառման հնարավորություններին եւ հացի ոլորտի կարեւորագույն խնդիրներից մեկի հնարավոր լուծման եղանակի առաջարկմանը: Ուսումնասիրվել են անանուխի եւ ալոճենու տերեւների ֆունկցիոնալ հատկությունները, էքստրակտների ստացման եղանակը եւ դրանց ազդեցությունը հաճարի ալյուրից ստացվող խմորի խմորման եւ հասունացման գործընթացների, կառուցվածքամեխանիկական հատկությունների վրա: Մշակված տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է եղել առանց բարելավիչների օգտագործման եւ խմորիչների քանակի կտրուկ կրճատման եղանակով ստանալ ավելի որակյալ եւ թեթեւ քաշով հաց, ինչպես նաեւ կրճատել արտադրական գործընթացը:
Տիկին Դաշտոյանը ներկայացրել է կիսապատրաստվածքների արտադրության նոր տեխնոլոգիա եւ բաղադրագիր, որի ներդրումը արտադրությունում կնպաստի արտադրատեսակների ընդլայմանը, պատրաստի մթերքի որակի բարելավմանը, ինքնարժեքի նվազեցմանը։ Նա նշել է, որ մսային հումքի մասնակի փոխարինումը բուսական ծագման հումքով այսօր բավականի արդիական է եւ ունի ռազմավարական նշանակություն։
Ստելլա Հովսեփյանը ներկայացրել է իր կատարած գիտական աշխատանքը, որը վերաբերում է մասնագիտացված հրուշակեղենի կազմում որպես սննդային հավելում յուղատու կտավատի օգտագործման նպատակահարմարությանը։ Նա նշել է, որ կտավատի սերմերի կիրառումը թույլ է տալիս փոխել հրուշակեղենի ֆիզիկաքիմիական ցուցանիշները եւ դրանք դարձնել առավել դիետիկ, քանի որ կտավատն ունի ֆունկցիոնալ եւ բուժիչ հատկություններ։
Մասշտաբային այս գիտաժողովից հետո մեր դասախոսներն ակնկալում են շահակիցների հետ հետագա համագործակցություն: