Վոլոդյա Ստեփանյան՝ ավարտել է ՀԱԱՀ բակալավրիատն ու մասգիստրատուրան, հողաբարելավում մասնագիտացմամբ: Աշխատում է «Գրին ֆարմեր» ՍՊ ընկերությունում, որպես լաբորատորիայի ղեկավար, ագրոքիմիկոս, ոռոգման հանգույցի պատասխանատու: Կապը անդադար ամուր է պահում հարազատ՝ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի, սիրելի դասախոսների հետ. «Ճիշտն ասած՝ ճարտարապետաշինարարական էի ուզում ընդունվել: Հանգամանքների բերումով, պատահական ընտրությամբ հայտնվեցի Ագրարային համալսարանում: Սկզբում ծույլ է, չէի սովորում: Հետո՝ բանակ, հետո… Ժամանակի ընթացքում մասնագիտության հանդեպ սերն էլ առաջացավ, սովորելու ձգտումն էլ մեծացավ: Շատ դժվարությամբ եմ շահել պահանջկոտ Սարգիս Ղազարյանի սիրտը: Խիստ էր, անժպիտ: Դիպլոմայիններիս ղեկավարն է եղել: Նրա հետեւողականության, պահանջկոտության շնորհիվ ավարտաճառերս հաջողությամբ պաշտպանեցի: Շարունակում եմ եւ շարունակելու եմ սովորել մասնագիտությունս, որովհետեւ ուսումնառությունը վերջ չի կարող ունենալ»:
Վոլոդյան հիմա եկել է ՀԱԱՀ լեզվի կենտրոնում անգլերենի դասընթացի: Դպրոցում գերմաներեն է անցել: Բայց զգում է, որ առանց անգլերենի բավարար իմացության դժվար կլինի հաղորդակցվել աշխարհի հետ:
Դիմորդներին, մասնագիտության ընտրության դժվարին ճամփաբաժանում հայտնված երիտասարդներին Վոլոդիայի ուղերձը սա է. «Հորդորում եմ չգայթակղվել կողմնակի, «կողքի» խոսակցություններով: Առաջ մեր համալսարանի մասին բացասական խոսքեր շատ էի լսում եւ չէի կարողանում արժանի պատասխան տալ: Հիմա մի բան հստակ է, մենք՝ շրջանավարտներս ենք խամրեցնում կամ բարձրացնում մեր բուհի պատիվը, այն բուհի, որի մասնագետների պահանջը կա՜, շատ կա՜: Սովորել է պետք»: