Մեր կայացած, զորեղ փաղանգը. ՀԱԱՀ շրջանավարտը հայոց եռագույնը ծածանել է աստվածաշնչյան լեռան գագաթին

Գեւորգը մանկուց անասնաբույժ հոր հետ լինում էր ֆերմաներում, հիացմունքով հետեւում էր հոր աշխատանքին, որի շնորհիվ բուժվում եւ երկրորդ կյանք էին ստանում կենդանիները: Այնպես որ, դպրոցն ավարտելիս մասնագիտության ընտրության հարց բոլորովին չէր ծագել: Ուսանողական տարիներին լինում էր ֆերմերային տնտեսություններում, աջակցում, օգնում էր մասնագիտական խնդիրներ ծագելիս: Բայց բուհն ավարտելուց հետո տեւական ժամանակ աշխատանք գտնել չէր կարողանում:

Գեւորգը անհանգիստ բնավորության պատճառով չէր կարող նստել ու սպասել, թե նորին մեծություն հաջողությունն երբ կթակի դուռը: Կամավորական աշխատանքի լծվեց, էքսկուրսավարի մասնագիտության նրբություններն ուսումնասիրեց, հետո հմայվեց լեռնագնացությամբ. Այլենդ Պիկ (6189), Կիլիմանջարո (5895), Էլբրուս (5642), Դամավանդ (5610), Կազբեկ (5054), Մոնբլան (4810), Սիփան (4058), Սիս (3925) ասես պատանեկան երազանքների պարկից դուրս ելած անուններ լինեն, որ միանգամայն իրական ու շոշափելի են եղել Գեւորգ Գասպարյանի համար: Իսկ բիբլիական լեռը, բնականաբար, ամենասիրելին ու նվիրականն է, եւ արդեն 19 անգամ եղել է վսեմագույն կետում…

Հայաստանում ճամփորդությունների, զբոսաշրջային երթուղիներով պտույտների ընթացքում, ոչ միայն փայլուն կերպով ճանաչեց հայրենի երկրի բոլոր հմայքները, գողտրիկ պատկերները, կածանները, այլեւ տեսավ բացեր, թերացումներ, որոնք շտկելու դեպքում, համոզված էր, ավելի հմայիչ կդառնար երկիրը, թե դրսի, թե ներսի հովեկների համար: Հենց սա խթան դարձավ, որ հիմնի Արեւի զբոսաշրջային հանգրվանների ցանցը: Առաջինն Եղեգիսում էր, Վայոց Ձորի խիստ, մի քիչ էլ կոշտ, անապական բնության գրկում: Առանց «ճռճռան», անճաշակության հասնող շքեղության: Անպաճույճ, հանդարտ, բնության հետ ներդաշնակ: Հաջորդ հանգրվանը Գոշում լքված, կիսավեր տնակն էր, որ «Հնոց» պիտի դառնար հայկական խոհանոցի համադամ ուտեստներով: «Հնոց», որ կոչված է բորբ պահելու մեր ապրեցնող ավանդույթները:

Գոշում Գեւորգ Գասպարյանը մտադիր է նաեւ անասնապահական ֆերմա հիմնել, որը հնարավորություն կտա աշխատատեղեր բացել այս համայնքում:

Այս ճաշակավոր, մանրակրկիտ ընտրված վայրերը կարծում ենք հրաշալի օրինակներ են մարզերի երիտասարդների համար, որոնք կարող են տեսնել ու համոզվել, որ ստեղծագործ մտքի, երեւակայության, աշխատասիրության դեպքում կարելի է բառացիորեն կամ փոխաբերական իմաստով հաղթահարել ցանկացած անհաղթահարելի թվացող բարձունք: