Մեր կայացած, զորեղ փաղանգը․ մասնագիտական գիտելիք եւ անգլերենի իմացություն՝ սրանք են հաջողության ճանապարհը հարթելու միջոցները

«Այսօրվա շրջանավարտը պետք է համոզված լինի, որ անհնար է նպատակասլաց, ջանասեր աշխատանքի դեպքում չհասնել երազանքների իրականացմանը: Հարկավոր է միայն սովորել, համառորեն գիտելիք ամբարել եւ հետեւողականորեն բարելավել անգլերենի իմացությունը»,-ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական եւ բյուջետային ծրագրերի բաժնի ավագ տնտեսագետ, ՀԱԱՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Թամարա Հարությունյանը:

Իրավաբան էր ուզում դառնալ: Տնեցիները հորդորում էին՝ աղջկա համար դժվար ասպարեզ է: Սասունցիների ընտանիքում դժվար է ծնողների կամքին հակառակվելը: Թերեւս ինքն էլ մինչեւ դպրոցն ավարտելը ներքուստ հստակեցրեց երազանքների շրջանակը ու դիմեց Ագրարային:

Հեշտ չէ ուսանող լինել մի բուհում, որտեղ հայրդ արդեն գնահատված մասնագետ է: Պատասխանատվությունը հազարապատկվում է: Այդպես՝ հազարապատկված պատասխանատվությամբ փայլուն սովորեց բակալավրիատում եւ ավարտելուն պես աշխատանքի անցավ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում: Փայլուն սովորեց մագիստրատուրայում, պահանջված-անցողիկից շատ ավելի բարձր միավորներով հանձնեց TOEFL-ը եւ ընդունվեց ասպիրանտուրա: Թեման ճգնաժամն էր, այսօր ողջ աշխարհում առաջնահերթություն դարձած մի խնդիր: Պաշտպանեց ԵՊՀ-ում: Այստեղ բարձր գնահատեցին ոչ միայն ասպիրանտի թեզը, այլ նաեւ հռետորական կարողությունները։

Թամարան շնորհակալ է իր ուսուցիչներին՝ Սերգեյ եւ Էդուարդ Ղազարյաններին, Աշոտ Բայադյանին, Վոլոդյա Հարությունյանին: Նրանք ամեն ինչ արել են, որ ամուր ոտքերով կանգնի մասնագիտական հողի վրա եւ սովորեցրել են՝ չի կարելի դոփել տեղում, միշտ պետք է շարժվել առաջ: Այդպես էլ անում է: