Նա երազում էր ատամնաբույժ դառնալ: Եւ երբ երազանքին հակառակ ընդունվեց անասնաբուժական ֆակուլտետ, առաջին տարին լավ չէր սովորում, սիրտը ասես «կախ էր, չէր կպչում»: Կայացած անասնաբույժ, գործընկերների շրջանում բարի համբավ ու հեղինակություն վայելող հայրը որդու թերանալը, մասնագիտության մեջ միջակություն լինելը հանդուրժել պարզապես չէր կարող: Առաջին կուրսի ավարտին լուրջ, վերջնագրային ոճով խոսակցություն եղավ հոր եւ որդու միջեւ. «Կամ կարգին կսովորես, կամ կհեռանաս իմ հարազատ բուհից»: Տիգրան Գաբրիելյանն ընտրեց առաջինը։
Պատվով ավարտեց ուսումնառությունը, պատվով իրականացրեց գիտահետազոտական աշխատանքն ու պաշտպանեց թեզը: Հեշտ բան չկարծեք խստապահանջ Սուրեն Գրիգորյանի ասպիրանտը լինելը: Պրոֆեսորը ամենաբարձր նշաձողն էր սահմանել իր եւ իր աշակերտների համար:
Գիտական աստիճան ստանալուց հետո հրավիրվեց ՀԱԱՀ՝ դասախոսական աշխատանքի: Ասում է. «Հրաժարվեցի, որովհետեւ ուզում էի կիրառական հմտություններս, փորձառությունս խորացնել: Խոստացել եմ, հետագայում կանցնեմ դասախոսական աշխատանքի: Լսարանն իսկապես հզոր կենսադաշտ ունի»:
Տարիներ առաջ հնարավորություն ունեցավ իր կնոջ, որդու եւ դստեր հետ ԱՄՆ-ում հաստատվելու, բայց 2018-ին անվարան վերադարձավ Հայաստան։
Անասնաբուժական գիտությունների թեկնածու Տիգրան Գաբրիելյանը մասնավոր ընկերություններում, միջազգային կազմակերպություններում գերազանց փորձ կուտակելուց հետո, այսօր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար է եւ ագրարային քաղաքականություն մշակող-իրականացնող քչերից մեկը: Նա համոզված է, որ ամենամարդասիրական մասնագիտությունն է ընտրել եւ նվիրվել է երկրի բնակչությանը անվտանգ սննդով ապահովելու ամենակարեւոր, շնորհակալ գործին։
- 27/04/2020
- 2020