Մեկնարկեց մագիստրոսական եւս մեկ՝ Սննդամթերքի անվտանգության կրթական ծրագիրը

Սննդամթերքի անվտանգություն մագիստրոսական կրթական ծրագիրը մեր մասնագետները նախապատրաստում էին երկու տարի շարունակ, Էրազմուս +-ի շրջանակում: Մեկնարկին կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Գայանե Մարմարյանը բարի երթ մաղթեց «առաջնեկներին» ու մանրակրկիտ ներկայացրեց սպասվող՝ 1,5 տարվա աշխատանքի փուլերը, առանձնահատկություններն ու հեռանկարները:

Ծրագիրը ներառում է 12 պարտադիր (մասնագիտական անգլերեն, սննդի քիմիա, կենսավիճակագրություն եւ տվյալների վերլուծություն, սննդամթերքի իրավունք, սննդի բարձրագույն մանրէաբանություն, թունաբանություն և ալերգոլոգիա, ռիսկերի վերլուծություն եւ այլն) եւ 5 կամընտրային (սննդածին հիվանդություններ, սննդի կեղծում եւ կանխարգելում, ագրոբիզնեսի կառավարում, նախագծերի կառավարում եւ այլն) մոդուլ։

Մագիստրանտներից լավագույնները, որոնք գերազանց կտիրապետեն անգլերենին, հնարավորություն կունենան թեզերի հետազոտական լաբորատոր աշխատանքներն իրականացնել արտասահմանյան գործընկեր համալսարաններում:

Մագիստրանտներին շնորհավորեցին ու հագեցած ուսումնառության տարիներ մաղթեցին ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարիկ Համբարձումյանը, որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը, դասախոսներ Աննա Դաշտոյանը, Գեւորգ Քեշիշյանը: Քիմիայի պրոֆեսոր Տաիրա Պապոյանը նշեց, որ ուրախ է այս կարեւոր նախագծի փայլուն նախապատրաստման համար եւ հորդորեց սաներին լավ յուրացնել մոդուլների՝ հատկապես տեսական հարցերը, որը մասնագիտության ասպարեզում հետագա գործնական ամուր հիմք ունենալու, այդ ասպարեզում կայանալու գլխավոր նախապայմանն է:

Հավելենք, որ մեր մասնագետների որակավորման բարձրացման գործընթացը շարունակական է եւ մնալու է այդպիսին: Լավ օրինակ է Եվրոպական Միությունից ֆինանսավորվող Էրազմուս + ՀԳ 2ABioNet ծրագրի շրջանակում այս տարվա հուլիսի 7-ից սեպտեմբերի 15-ը Եվրոպական համալսարանների գործընկերների՝ ծրագրի հայաստանյան անդամ բուհերի դասախոսների համար իրականացրած երկփուլային առցանց վեբինարը։ Վերապատրաստմանը մասնակցում էին Ագրարային, Երեւանի, Շիրակի եւ Գավառի պետական համալսարանների շահակիցները, որոնք ներգրավված են համապատասխան կրթական ծրագրերում։ Արծարծվում էին արդի թեմաներ, սկսած նորահայտ սննդամթերքից, հեղուկային քրոմատոգրաֆիայից մինչեւ սննդամթերքի ֆենոլային միացությունները եւ շրջակա միջավայրի մարտահրավերները եւ սննդային շղթան, բիզնեսի ռազմավարություն եւ այլն։