Մեծ աշխատաշուկայի մեր անկյունը. որ գտնենք մեր տեղը

Մայիսի 26-ը մեր բուհում հագեցած էր իրադարձություններով, եւ երիտասարդներից շատերը պարզապես չէին հասցնում ծաղկաքաղ անել: Բայց օրվա ողջ տրամաբանությունը կապվում էր աշխատաշուկայի հետ:

Մարդկային ռեսուրսների եւ կազմակերպությունների զարգացման խորհրդատու, ապագայի հատկապես պահանջարկված մասնագիտությունները կանխորոշող փորձագետ Լիանա Խաչատրյանը ուսանողներին նախապատրաստեց աշխատանք որոնել-փնտրել-գտնելու բարդ ճանապարհը գրագետ եւ դյուրին կերպով հաղթահարելուն:

Ողջ խոսքի ընթացքում ուրվագծվում էր տիկին Խաչատրյանի հորդորը՝ հաստատուն գիտելիք է պետք ունենալ՝ աշխատաշուկայում ահռելի մրցակցությանը դիմակայելու համար:

Նա հստակ խորհուրդներ տվեց, թե ինչպես է պետք գրագետ կազմել CV, մոտիվացիոն նամակ: Աշխատանքի հարցազրույցին ինչպես է պետք ներկայանալ:

Այսօր գործատուն հատկապես կարեւորում է աշխատակիցների պատասխանատվությունը, պատրաստակամությունը, արագ սովորելու, կողմնորոշվելու կարողությունները: Թիմում համերաշխ աշխատելու ունակությունը:

Երբ թվարկված հատկանիշները կան, խելամիտ, բարեկիրթ մարդը հեշտությամբ կգտնի իր տեղն աշխատաշուկայում: