Ագրարային համալսարանում ուսումնագիտական անձնակազմի շարունակական կրթությունից ու վերապատրաստումից բացի պատշաճ ուշադրություն է դարձվում նաեւ օժանդակ անձնակազմի մասնագիտական առաջընթացի ապահովման հարցերին՝ հաշվի առնելով բարեփոխումների միահավաք եւ ներդաշնակ ընթացքի անհրաժեշտությունը։
ՀԱԱՀ մատակարարման բաժնի պետ Գրիգոր Հարությունյանը վերջերս մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կազմակերպած «Հանրային գնումների համակարգը ՀՀ-ում» դասընթացին։
Դասընթացը վարում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետ, «Պետական գնումների փորձագետների միություն» ՀԿ նախագահ, տ․գ․թ․ Գայանե Գաբրիելյանը։ Ինչպես հաղորդում են Տնտեսագիտական համալսարանի Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ավարտական հավաստագրերը հանձնելիս տիկին Գաբրիելյանը կարեւոր է համարել բուհ-պետական հատված գործակցությունը, շարունակական կապի պահպանության եւ գործակցության նոր ուղիների որոնման անհրաժեշտությունը։
ՀԱԱՀ մատակարարման բաժնի պետ Գրիգոր Հարությունյանը գոհ է դասընթացից, որի ընթացքում խորացրել է հանրային գնումների համակարգի իր իմացությունը։ Պարոն Հարությունյանը վստահ է, որ ստացած նոր տեղեկատվությունը օգտակար կլինի իր աշխատանքային հետագա գործունեության մեջ եւ շնորհակալություն է հայտնում Տնտեսագիտական համալսարանի եւ Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներին։
ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը վկայում է, որ դրական կարծիքներն ու գոհունակության խոսքերը միայն պարոն Հարությունյանինը չեն․ անցկացված հարցումը ցույց է տվել, որ դրանք բնորոշ են բոլոր մասնակիցներին։