2020թ․ մայիսի 1-ը Ագրարային համալսարանի համար նշանավորվեց եւս մեկ նորարարական նախագծի մեկնարկով։ «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագիծն իրականացվելու է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հետ համատեղ։ Նախագծի հիմնական ֆինանսավորողը ԱՄՆ ՄԶԳ-ն է (77,2%), մնացած մասն էլ ֆինանսավորում են համալսարանը եւ ICARE հիմնադրամը։ Եռամյա նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 593 հազար ԱՄՆ դոլար։
Նախագիծը նպատակ է հետապնդում, ինչպես անվանումն է հուշում, ստեղծել գյուղատնտեսության թեմաներով վերապատրաստման եւ ուսուցման նորարարական ճամբար՝ մասնավոր հատվածի, ուսանողների եւ երիտասարդ մասնագետների միջեւ համագործակցության զարգացման միջոցով թիրախային խմբերի գյուղատնտեսական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները հզորացնելու եւ տարածելու համար։
Նախագծի համադրող, ICARE հիմնադրամի հետազոտական ծրագրերի ղեկավար Լուսինե Թադեւոսյանի փոխանցմամբ, ագրոճամբարը հիմնվելու է ՀԱԱՀ-ի Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տան տարածքում։ Նախագծի շրջանակում իրականացվող հիմնական գործողությունները ներառում են հանգստյան տան հարկաբաժինների, ժողովների սենյակի, խոհանոցի ու ճաշարանի վերանորոգումը եւ կահավորումը, հարակից տարածքի վերանորոգումը։ Կհիմնվեն նաեւ ագրոճամբարի համար գործնական ուսուցման լրացուցիչ կենտրոններ, այդ թվում՝ փոքր պտղատու այգի եւ հատապտուղների այգի, գյուղատնտեսական սարքավորումների փոքր կենտրոն, «խելացի» հավաբուծարան, որը շրջանաձեւ տնտեսության բաղկացուցիչ մաս է կազմելու եւ որի միջոցով նվազեցվելու է ճամբարի գործունեությունից առաջացած սննդային թափոնների արտանետումը շրջակա միջավայր։
Հիշատակված շրջանաձեւ տնտեսությունը նախագծի ոչ մեծ բաղադրիչն է․ այդ ցուցադրական տնտեսության միջոցով շահառու թիրախային խմբերը կծանոթանան փակ շրջափուլերի սկզբունքով գործող ռեսուրսախնա շրջանաձեւ տնտեսավարման համակարգի առանձնահատկություններին։
Նախագծի բաղադրիչներից մեկն էլ ՀԱԱՀ կարողությունների զարգացումն է, որի շրջանակում կազմակերպվելիք վերապատրաստման դասընթացների եւ ամառային դպրոցների նյութերը կտրամադրվեն ՀԱԱՀ համապատասխան ստորաբաժանումներին՝ դրանց շարունակականությունը ապահովելու համար։ Վերապատրաստումների հիմնական շահառուներն են ՀԱԱՀ դասախոսական անձնակազմը, ուսանողները, երիտասարդ մասնագետները։
Ագրոճամբարը ռեկտոր Վարդան Ուռուտյանի հերթական նորարարական գաղափարն է, որի իրականացմամբ մենք եւս մեկ էական առաջընթաց քայլ կանենք դեպի ժամանակակից, միջազգայնորեն մրցունակ ուսումնաստեղծագործական միջավայրի կայացումը։