Մագիստրոսական թեզերի պաշտպանություն. կայուն գյուղատնտեսության ռահվիրաները

Ընդամենը մեկ տարի առաջ մեկնարկած կայուն գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի առաջին սերնդի ներկայացուցիչները հունիսի 30-ին մեծ կյանք մուտք գործելու հայտ ներկայացրեցին՝ պաշտպանեցին ավարտաճառերը:

Անսովոր ոչինչ չկար՝ նույն երիտասարդներն են՝ մի քիչ հուզառատ, մի քիչ ցայտնոտային, մի քիչ ինքնավստահ, որ տեւում է մինչեւ հանձնաժողովի անդամներից մեկը հարց կհնչեցնի… Սովորական է: Բոլորս ենք անցել այս ճանապարհով:

Անսովոր է ագրարային հիմնախնդիրները դիտարկելու, դրանց լուծումները գտնելու մոտեցումը, որն ենթադրում է համընդգրկուն հայացք՝ ժողովրդագրական, բնապահպանական, սոցիոլոգիական, առողջապահական, մակրոտնտեսագիտական: Եւ լուծումներն էլ, բնականաբար, պետք է լինեն համապարփակ, թվարկված ողջ շղթան ներառելով:

Առաջնեկների պաշտպանության ընթացքում եւ´ շահեկան-թեժ քննարկումներ եղան, եւ´ օգտակար առաջարկություններ հնչեցին: Ավարտին, բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը դիմելով լսարանին, հատկապես մագիստրոսներին ասաց. «Շնորհակալ եմ, շատ լավ պաշտպանեցիք: Դժվար (համավարակ, պատերազմ) ու կարճ ժամանակահատվածում կարողացանք որակ ապահովել: Այս մարդիկ խնդիրներին համակարգված մոտենալու առաջին քայլերն են անում»: Պարոն Գեւորգյանը նաեւ շնորհակալություն հայտնեց անտառագիտության եւ բնապահպանության ամբիոնի աշխատակիցներին՝ երիտասարդների հետ հետեւողականորեն աշխատելու համար. «Կրթական ծրագիրը կշարունակվի ու կբարելավվի»:

Պետական քննական հանձնաժողովի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը իր եւ գործընկերների անունից պատվիրակված էր ասելու. «Որպես առաջին քայլ տպավորությունը շատ լավ էր: Կայուն գյուղատնտեսությունը նոր ուղղություն է՝ զարգացման մեծ հնարավորություններով: Ակնկալում ենք, որ ապագայում ավելի գործնական-պրագմատիկ կլինեն ուսումնասիրությունները: Կայուն եւ ճշգրիտ գյուղատնտեսությունները նոր հեռանկարներ են բացում ոլորտի համար»:

Հ.Գ. Պետական քննական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն, կ.գ.թ. Աննա Թադեւոսյանը  մագիստրոսներից մեկի՝ Վարդուհու պաշտպանությունից հետո նկատեց, որ փորձուսուցումն անցկացրել է իրենց հաստատությունում եւ գիտելիքներով, բանիմացությամբ, աշխատասիրությամբ հիացրել է բոլորին եւ անմիջապես աշխատանքի առաջարկություն ստացել: