Հունվարի 29-ին ՀԱԱՀ վարժարանի 10-12-րդ դասարանների աշակերտները՝ հասարակագիտության ամբիոնի աշխատակցուհի, հայոց պատմության ուսուցչուհի Սյուզաննա Ազարյանի ղեկավարությամբ, հայոց բանակի 28-ամյակին նվիրված հրաշալի հանդիսության էին հրավիրել համալսարանականներին:
Պարզվեց, երգող-ասմունքող-պարող սաների մի ամբողջ աստղաբույլ ունենք վարժարանում: Ավելի ճիշտ, երբ պատանիների հետ կանոնավոր եւ նպատակամետ են աշխատում, բացահայտվում են երիտասարդների կարողությունները, եւ արդյունքները տպավորիչ են լինում: Շեշտենք, որ Սյուզաննա Ազարյանը անցյալ ուսումնական տարում նույն խանդավառությամբ եւ նվիրումով դասավանդեց նաեւ ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջում:
Հանդիսության նախօրեին աշակերտները սիրելի ուսուցչուհու հետ միասին այցելել ու խոնարհվել էին Եռաբլուրում ամփոփված խնկելի հիշատակների առջեւ:
«Շատ ապրեք, հույզերի եւ զգացմունքների մեծ ալիք պարգեւեցիք բոլորին,-դիմելով վարժարանի սաներին՝ ասաց ռեկտոր Վարդան Ուռուտյանը,-Բարի ծառայություն եմ մաղթում զինվորներին, հատկապես՝ ՀԱԱՀ ուսանողներին եւ բարի վերադարձ: Մայր բուհը հպարտանում է իր սաներով»:
Պարոն Ուռուտյանը համոզված է՝ Հայոց բանակը կհամալրվի նորագույն տեխնիկայով, զենքի ժամանակակից տեսակներով, սակայն ամենակարեւորը «մարդկային կապիտալն է», հայրենասեր եւ անպարտելի ոգով հայ զինվորը:
Վերջում աշակերտները շնորհակալություն հայտնեցին Սյուզաննա Ազարյանին եւ իրենց ձեռքերով պատրաստված հուշանվերներ հանձնեցին ռեկտորին, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին, ստորաբաժանումների ղեկավարներին: