Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ 2020 թվականը բոլորիդ օջախներում նշանավորվի հաջողություններով ու ձեռքբերումներով, լինի առողջության, սիրո, ներդաշնակության տարի:
2019 թվականի ընթացքում Ագրարարային համալսարանը բոլորիս համատեղ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ լուրջ առաջընթաց է գրանցել համալսարանի հեղինակության բարձրացման, ուսումնառության եւ դասավանդման գործընթացի արդիականացման, ուսանողական եւ դասախոսական ներուժի հզորացման, աշխատակիցների վարձատրության բարձրացման, տեխնոլոգիական վերազինման, գիտահետազոտական բաղադրիչի զարգացման եւ մի շարք այլ ուղղություններով:
Անցնող տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները անկյունաքարային նշանակություն ունեն հետագա զարգացումների առումով։ Այսօր աշխատում ենք հիմնավորապես բարեփոխված ուսումնական պլաններով, առաջնորդվում ենք կրթական ու գիտական գործունեությունը որակապես նոր հիմքերի վրա դնող կարեւոր հուշագրերով ու պայմանագրերով։ Բարեփոխումների տեխնոլոգիական հիմքի ապահովման ուղղությամբ տեղական եւ արտերկրի մեր գործընկերների աջակցությամբ արդեն իրականացնում ենք մեծ ծավալի շինվերակառուցողական ծրագրեր։
Ագրարայինում մեկնարկած բերեփոխումները անկասելի են, եւ այս փաստը արձանագրում ենք ոչ միայն մենք՝ ագրարայինցիներս, այլեւ բարձրագույն կրթության ոլորտի շահակիցների լայն հանրությունը։
Գալիք տարին՝ 2020 թվականը հոբելյանական է․ տոնելու ենք համալսարանի հիմնադրման 90-ամյակը։ Դատելով անցնող տարում մեր համատեղ աշխատանքի արդյունքներից, որակից եւ խորքային նշանակությունից՝ հոբելյանական տարում մենք վստահաբար խորացնելու ենք բարեփոխումները եւ դրանք հասցնելու ենք շրջադարձային հանգրվանի՝ շարունակելով ստորաբաժանումների հզորացման, կրթական ծրագրերի միջազգայնացման, ագրարային կրթության որակի անընդհատ բարելավման գործընթացը։
Շնորհակալությամբ ճանապարհենք 2019-ը եւ աշխատասիրությամբ, ուսումնատենչությամբ եւ հիմնավոր լավատեսությամբ դիմավորենք 2020-ը: Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ։
ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյան