Արցախյան հայրենական պատերազմում հաղթելու կամքն ու վստահությունը միավորել է ամբողջ աշխարհի հայությանն ընդդեմ դարավոր թշնամու հերթական ցեղասպան դավադրության։ Ավելին, գնալով ավելի ու ավելի հստակ է հնչում համաշխարհային հանրության ձայնը ի պաշտպանություն Արցախի եւ համամարդկային արժեքների։
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավելի քան 150 երկրներ նշում են Պարենի համաշխարհային օրը, տոն, որն էլ իր հերթին, սկսած 1979թ․-ից, միավորում է մարդկությանը՝ դարձյալ համամարդկային արժեքների շուրջ։ Այս տարի տոնը նվիրվում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հիմնադրման 75-ամյակին, կազմակերպություն, որ իր առջեւ խնդիր է դրել հաղթահարել սովն ամբողջ աշխարհում։
Ամեն տարի Պարենի համաշխարհային օրը նշվում է տվյալ տարում պարենային ապահովության տեսակետից հրատապ լուծում պահանջող, միջազգայնորեն նշանակալի խնդիրների հիման վրա ձեւավորված հավաքական նշանաբանի ներքո։ Աշխարհի տարբեր անկյուններում ծագած հրատապ խնդիրների լուծման համար ծանրակշիռ ջանքեր են գործադրվում եւ լուրջ ներդրումներ արվում։ Օրվա այս տարվա նշանաբանն է՝ «Աճեցրու, սնիր, պահպանիր։ Միասին։ Մեր գործողությունները մեր ապագան են»։ Խորհրդանշական է եւ շատ համահունչ մեր այսօրվա պայքարին, Հայոց բանակի ու ժողովրդի այսօրվա ընդհանուր հզոր բռունցքով պայմանավորված մեր առաջիկա հաղթանակին։
Շնորհավորում եմ գյուղատնտեսության ոլորտի բոլոր մարդկանց այս գեղեցիկ տոնի՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ եւ մաղթում հաղթանակ, խաղաղություն եւ ստեղծարար աշխատանք։ Գյուղոլորտի մարդկանց արդար քրտինքով է, որ այսօր մենք լիուլի ապահովում ենք մեր հերոս զինվորների եւ Արցախի հերոս քաղաքացիների պարենային անվտանգությունը՝ հացի հետ նաեւ մեր ժողովրդի սերն ու հազարամյա պատգամը փոխանցելով նրանց։
Հաղթելու´ ենք։ Հաղթելու ենք թե´ երեւելի թշնամուն՝ ռազմաճակատում, եւ թե´ աներեւույթ թշնամուն երկրորդ ճակատում՝ թագավարակի դեմ պայքարում։
Աստված օրհնի Հայաստանը։