ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության գործերի հավատարմատարի պաշտոնական այցը Ագրարային համալսարան

Այսօր՝ մարտի 25-ին, պաշտոնական այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էր Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ տիկին Պանայոտովիչ Ցվետկովիչը քննարկեց գործակցության առկա հնարավորությունները։ Քննարկվող հարցերի շրջանակում էր, մասնավորապես, Ագրարային համալսարանում կոնյակի թորման միկրոարտադրության եւ գարեջրի միկրոարտադրության համատեղ լաբորատորիայի հիմնումը։ Լաբորատորիան հագեցած կլինի արդիական սարքավորումներով եւ կշահագործվի թե ուսումնահետազոտական եւ թե երկրում ոլորտի ընդհանուր զարգացման նպատակներով։ Դեսպան Պանայոտովիչ Ցվետկովիչը եւ ռեկտոր Ուռուտյանը սա համարում են հեռանկարային ձեռնարկ՝ հաշվի առնելով երկու երկրներում մրգային կոնյակների արտադրության հարուստ ավանդույթները:
Դեսպան Պանայոտովիչ Ցվետկովիչը եւ ռեկտոր Ուռուտյանը քննարկեցին նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Բելգրադի համալսարանի միջեւ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

Տիկին հավատարմատարն այցելեց նոր ընթերցասրահ եւ Ագրոտեխնոլոգիական ինկուբատոր։